Ընդունելության քննություններն ու դիպլոմները չլինեն. Բլեյանի առաջարկը
՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն, նախկին ԿԳ նախարար Աշոտ Բլեյանն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները: Այսօր ասուլիսում նա ասաց, որ բուհերը դատարկ են մնում, միայն առանձին բաժիններում կա մրցակցություն:
՛՛Քննությունները ոչ միայն ավելորդ են, այլև վնասակար: Հանել քննությունները և կենտրոնանալ ուսուցման վրա, սա է մեր առաջարկը՛՛,-նշեց Բլեյանը: Բլեյանի կարծիքով՝ կարող են չլինել նաև դիպլոմներ, քանի որ գործատուն ինքն է որոշում՝ ում ընդունի աշխատանքի, ում ոչ: Աշոտ Բլեյանի մեկ այլ առաջարկի համաձայն էլ՝ 18 տարեկանում բոլոր տղաները պետք է զորակոչվեն բանակ:
՛՛Ով այսօր կարող է վճարել ուսման վարձ, ուրեմն ուսանող է: Հայաստանում չկա մարդ, ով կարողանում է վճարել ուսման համար ու կրթություն չունի: Բուհերը գործատուներ են, որը ձգտում է ինչքան հնարավոր է շատ աշխատող ունենալ: Շրջանավարտները տասը հազարներով ավարտում են, բայց քանիսն են իրենց մասնագիտությամբ աշխատում, դա բուհի խնդիրը չէ՛՛,-ընդգծեց Աշոտ Բլեյանը:
Henaran.am-ի հարցին, ինչ կարծիքի է շտեմարանների վերաբերյալ, Բլեյանը պատասխանեց.
՛՛Շտեմարաններն ինչպես կարող են թերի չլինել, ես չեմ հասկանում ինչի համար են շտեմարանները: Ես ուզում եմ սովորել, պատրաստ եմ վճարել այդ ուսուցման համար, բուհը պարտավոր է սովորեցնել: Իսկ ծնողը կընտրի այն բուհը, որին կվստահի՛՛: