Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահի հետ

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:
ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը եւ ընդծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են:
Էվանգելոս Վենիզելոսը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ եւ նշել, որ ԵԽԽՎ-ում երկու նման բանաձեւերի նախագծերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից եւ հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: