30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է հավատը

Հավատը վստահություն է, համոզմունք ինչ-որ բանի գոյության, ճշմարտության կամ անձի հանդեպ: «Հավատ» բառը նաև կրոնական իմաստ ունի՝ հավատ Աստծո նկատմամբ: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (հմմտ. Եբր. ԺԱ 1): Մենք՝ քրիստոնյաներս, հույս ունենք փրկության և հավիտենական կյանքի, և վստահ ենք, որ այս փրկությունը կարող է լինել միայն Աստծո միջոցով: Մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով մարդը հավատում է Նրան: Թեև հավատը չունի չափ, բայց ունի որակ և բովանդակություն, որը պայմանավորված է հավատի առարկայով կամ նպատակով: Եթե հավատում ենք Աստծուն, ապա ընդունում ենք Տիրոջ շնորհն ու օրհնությունը: Այո՛, քանի որ հավատը կենդանի է ու կենսատու միայն այն ժամանակ, երբ գործում է, բարձրացնում է մարդուն առ Աստված:

Շատ կարևոր է հիշել, որ հավատն առանց գործերի անիմաստ է, քանի որ այդպես հավատացողը ոչնչով չի տարբերվում դևերից, որովհետև դևերն էլ են հավատում և դողում (հմմտ. Հակ. Բ 19): Կան մարդիկ, որ հավատում են, թե կփրկվեն գործերով, և կան մարդիկ, որոնք գործում են, որովհետև հավատում են, որ փրկված են Քրիստոսի հանդեպ հավատով: Քրիստոսին հավատացողը ոչ թե անում է ուղղակի ինչ-որ գործեր, այլ ջանում է նմանվել իր Տիրոջը, իսկ դրա համար նա պարզապես չի կարող չգործել Տիրոջ պատվիրանների համաձայն:

Անկախ նրանից, թե հավատն ինչի նկատմամբ է, ճիշտ է, թե սխալ, և ինչ տարրերից է բաղկացած, այն շատ մեծ ազդեցություն է թողնում մարդու անձի և նրա կենսակերպի վրա: Դա կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Կախված հավատի համակարգից՝ մարդու մոտ ձևավորվում են որոշակի արժեքներ, համոզմունքներ և աշխարհայացք: Դրանց վրա էլ արդեն գիտակից, հասուն մարդն սկսում է կառուցել իր կյանքը:

Մարդու հավատն իր ազդեցությունն է թողնում թե՛ անձի հոգևոր աճի վրա, թե՛ անձնական, ընտանեկան հարաբերություններում և թե՛ գործնական կյանքում: Այն մեծ ազդեցություն ունի նաև անձի ինքնադաստիարակման և ինքնակառավարման վրա: Ավելի պարզ ասած՝ հավատն այն ներքին ձայնն է, որը զայրույթի պահին կարող է ստիպել չվիճել, չհայհոյել, չհարվածել կամ չսպանել:

Այդ նույն ձայնը ստիպում է օգնության հասնել, բարեգութ և ներողամիտ լինել մարդկանց հանդեպ: Աստծուն չհավատացող մարդն էլ, անշուշտ, որոշակի բարոյական արժեքներ ունի, քանի որ ինքն էլ իր հավատի համակարգն ունի: Սակայն նրանը սուբյեկտիվ հավատ է, որը հաճախ լուրջ շեղումների է տանում: Եվ կարո՞ղ է արդյոք մարդը լինել անհավատ, եթե խորապես գիտակցի Աստծու գոյությունը: Սակայն ինչպես մեր Տերն է ասում. «Երանի՜ նրանց, ովքեր հավատում են առանց ինձ տեսնելու» (հմմտ. Հովհ. Ի 29):

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 3-րդ համարից
Պատրաստեց Վահե ուրկ. Մկրտչյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ