18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեխաներին փրկող բժիշկը․ Ալեքսեյ Մասչան /ֆոտո/

Ալեքսեյ Մասչանը երազում էր «մահվան դեմ դեղամիջոցը» հայտնաբերելու մասին. այժմ նա պրոֆեսոր է եւ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի դաշնային գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրենը։ Ողջ կյանքում Ալեքսեյն օգնում է ուրիշներին։ Զարմանալի չէ, քանի որ նրա ընտանիքը եւս փրկվել է ուրիշի օգնության շնորհիվ. ընտանիքի համար թուրքի բարության այդ արարքի մասին հիշողությունը շատ թանկ է, գրում է 100lives.com-ը։

Ալեքսեյ Մասչանը ծնվել է 1962թ. Մոսկվայում՝ Խլեբնի նրբանցքում, ինժեներների ընտանիքում։ Ժամանակին այդ փոքրիկ փայտե տունը գնել էին Մասչան եղբայրները` Ստեփանը (Ալեքսեյի մեծ պապը) եւ Արմենակը, երբ Մոսկվա էին տեղափոխվել Ալեքսանդրապոլից՝ այժմյան  Գյումրիից:

Խորհրդային ժամանակներում Մասչանների ընտանիքն, իհարկե, զրկվել էր տնից` Ալեքսեյն ու նրա եղբայր Միխայիլը ծնողների հետ ապրում էին հանրակացարանի մեկ սենյակում, թեեւ` ամենամեծ: Մնացած սենյակները զբաղեցնող ազգականները ժամանակի ընթացքում հեռացան, եւ հանրակացարնում ապրելու մնացին տարաբնույթ մարդիկ:

Հայաստանի հետ կապը պահվում էր տատիկի` Սուսաննա Մասչանի միջոցով: Փիլիսոփայության, գրականության եւ պատմության ինստիտուտի շրջանավարտ Սուսաննան, որն ընկերություն էր անում պատերազմի մասնակից բանաստեղծների հետ եւ հաճախ երեխաների հետ խոսում էր ընտանիքի պատմությունից: Ալեքսեյ Մասչանի խոսքով` նա մեծ ներդրում է ունեցել այս պատմության վերականգնման գործում. կյանքի վերջին տարիներին անգամ նկարել է մեծ տոհմածառ:

Երբ Ալեքսեյը վեց տարեկան էր, տատիկն առաջին անգամ նրան տարել է Հայաստան: Երեւանում նրանք բարձրացել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Հուշահամալիրը բազմամարդ էր, իսկ հեռվում` կապույտ երկնքում, շողում էր Արարատը: Բնականաբար, ասացի, որ ուզում եմ բարձրանալ լեռը, եւ շատ զարմացել էի, երբ ինձ բացատրեցին, որ Արարատը գտնվում է Թուրքիայում»,- հիշում է Ալեքսեյը:

Հավերժ հիշատակ

Ալեքսեյ Մասչանի ընտանիքի մի մասը սերում է Կարսից: 1915-ին նրա նախապապ Համազասպ Նոհրատյանն ու նրա որդի Գեորգին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել, իսկ նախատատ Հռիփսիմե Նոհրատյանը երեք կրտսեր երեխաների` Նադեժդայի, Գոհարինեի  եւ Կորյունի հետ փախել է Երեւան: Անվտանգության նկատառումներով Կորյունին կնոջ զգեստ էին հագցրել: Մի թուրք մարդ օգնել էր նրանց փախչել` թաքցրել էր, այնուհետեւ տեղափոխել Ռուսաստան: Ոչ ոք չգիտի, թե ինչու էր նա համարձակվել այդպես վարվել, բայց ընտանիքում նրան շնորհակալությամբ են հիշում:

                                                Ստեփան եւ Գոհարինե Մասչաններ

Հռիփսիմե Նոհրատյանը Երեւանից տեղափոխվել է Մոսկվա: Նրա դուստրերն այդ ժամանակ արդեն բավականին մեծ էին: Մայրաքաղաք տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Գոհարինեն (1896թ. ծնված) ծանոթանում է Ստեփան Մասչանի հետ: 1916թ. դեկտեմբերին ծնվում է նրանց առաջնեկը` Մարգարիտան, իսկ 1921-ին` Սուսաննան:

Թեեւ Հռիփսիմեի եւ նրա երեք երեխաների փրկության պատմությունը փոխանցվում է սերնդեսերունդ, Մասչանների ընտանիքում Հայոց ցեղասպանության մասին հաճախ չէին խոսում: Մասչանի խոսքով` ավագ սերունդը նախընտրում էր չհիշել այդ մասին: Ավելի երիտասարդ սերնդի համար այդ իրադարձությունները գոյություն ունեին ավելի շուտ որպես առասպել եւ ֆոլկլոր. հուզական մակարդակում դրանք ոչ ոք արդեն չէր վերապրում: Խորհրդային Միությունում էլ գրեթե չէր խոսվում թուրքերի կողմից հայերի ոչնչացման մասին:

                                 Մարգարիտա, Գոհարինե եւ Սուսաննա Մասչաններ

Մասչանների ընտանիքում շատ ավելի հաճախ քննարկվում էր հրեաների Հոլոքոստը, որից ընտանիքը տուժել է մյուս գծով: Ալեքսեյի մորական կողմի նախապապ Չերնովին գերմանացիները գնդակահարել են Ստարոդուբ քաղաքում։ Այդ ժամանակ նա արդեն 100-ից ավելի տարեկան էր։ Ալեքսեյի հորական պապը՝ Աբե (Ալեքսանդր) Լեւինն այրվել է տանկում՝ Սմոլենսկի մոտակայքում, եւ քանի որ չորս վիրավորում էր ստացել, այդ թվում մեկը՝ սրտից ընդամենը վեց սանտիմետր հեռավորության վրա, պատերազմից շուտ է վերադարձել։

Պատերազմ մեկնելիս նա երիտասարդ հայր էր՝ մեկուկես տարի առաջ ծնվել էր նրա եւ Սուսաննա Մասչանի առաջնեկը՝ Ալեքսեյի հայր Ալեքսանդրը։

Մեծ պապ Ստեփանը շատ էր անհանգստանում, որ Մասչանների տոհմը կընդհատվի, եւ Աբեն ու Սուսաննան որոշեցին, որ առաջին երեխան կկրի Մասչան ազգանունը։

Իսկ երբ 1945-ին պատերազմի ավարտից երկու ամիս առաջ ծնվեցին նրանց երկվորյակ զավակները, նրանք արդեն ստացան հոր ազգանունը՝ Լեւին, թեպետ տղային՝ Ալեքսեյի սիրելի հորեղբորը, կոչեցին Ստեփան՝ ի պատիվ հայ պապի։ Նույն անունը կրում է նաեւ Ալեքսեյի ավագ որդին։

«Քանի որ ընտանիքում 20-րդ դարում սարսափելի տուժած երկու ժողովրդի ներկայացուցիչներ կան, չենք մոռանում այդ ցեղասպանություններից եւ ոչ մեկը։ Ինչպես եւ մարդկային ցանկացած վայրագության մասին, այդ մասին նույնպես հարկ է անընդհատ մտածել ենթագիտակցորեն։ Դասախոսներիցս մեկն ասում էր. «Հիշում են, երբ մոռանում են»։ Պետք չէ մոռանալ այդ մասին, եւ հիշելու կարիք էլ չի լինի։ Բայց ես կասեի, որ երկու ցեղասպանության առիթով էլ իմ դառնությունը ոչ այնքան ազգային է, որքան համամարդկային»,- ասում է Ալեքսեյ Մասչանը։

Ալեքսեյ Մասչանն իր ընտանիքի ոչ դյուրին պատմությունը որպես ողբերգություն չի ընկալում. «Ավելի շուտ՝ դա վերապրած ընտանիքի պատմություն է»։
Մահվան դեմ դեղամիջոց

Ամենայն հավանականությամբ, հենց այդ կենսախնդություն ու տոկունությունն է աշխատանքում օգնում Ալեքսեյ Մասչանին։

Ծանր հիվանդ երեխաներին բուժելը, երբ հաջողության հնարավորություն ոչ միշտ կա, եւ նրանց բարեկամների հետ շփվելը, մարդկանց դժբախտությանն առնչվելը հոգեբանորեն բարդ գործ է, ոչ բոլորն են դրան դիմանում։

«Սրա հաղթահարման համընդհանուր բաղադրատոմս գոյություն չունի։ Յուրաքանչյուր մարդ գտնում է իր ձեւը։ Ուղղակի աշխատում եմ մտածել, որ նախ՝ այդ մարդկանց համար անում եմ այն ամենը, ինչ կարող եմ, եւ երկրորդ՝ այն, ինչ մեկ այլ մարդ դժվար թե կարողանա անել։ Եվ դա հանգստացնում է: Եթե, իհարկե, ընդհանրապես ինչ-որ բան կարող է հանգստացնել, երբ երեխան մահվան վտանգի առջեւ է»,-ասում է պրոֆեսորը։

Բժշկության ոլորտում կարիերային Ալեքսեյ Մասչանը մանկուց էր պատրաստվում։ «Ծնողներս, իհարկե, չեն պարտադրել ընտրությունը,- ասում է Ալեքսեյը,- ուղղակի վեց տարեկանից ինքս շատ լավ գիտեի, որ բժիշկ եմ դառնալու։ Ընտանիքում մշտապես քննարկում էինք, թե ինչպես եմ հայտնագործելու «մահվան դեմ դեղամիջոցը»։ Ալեքսեյն ավարտել է Երկրորդ բժշկական ինստիտուտը (ներկայում՝ Պիրոգովի անվան համալսարան), օրդինատուրան եւ աշխատանքի է անցել Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում (այժմ՝ Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոց)։ 80-ականների վերջում նրան՝ երիտասարդ բժշկին, հրավիրեցին մանկական արյունաբանության գիտական խումբ, որն ստեղծվում էր հիվանդանոցին կից՝ Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո աղտոտված շրջանների երեխաների բուժման համար։

1992-ին, երբ բացվեցին սահմանները եւ բազմաթիվ մասնագիտություններում փորձի փոխանակման հնարավորություն առաջացավ, Ալեքսեյ Մասչանը եզակի հնարավորություն ստացավ՝ պրակտիկայի մեկնեց Ֆրանսիա։ Երբ  հրավերն ստացվեց Փարիզից, պարզվեց, որ ինստիտուտում միայն նա ֆրանսերեն գիտի. «Ծնողներս ինձ տարել էին ֆրանսերենի խորացված ուսուցման Պոլենովի անվան դպրոց՝ միմիայն էսթետիկական նկատառումներով։ Իհարկե, այն ժամանակ անհնար էր մտածել, որ մեր ընտանիքի որեւէ անդամ կհայտնվի Ֆրանսիայում։ Առաջինը հենց ես չէի հավատում, որ ֆրանսերենը երբեւէ ինձ պետք կգա»։

Սակայն Ֆրանսիայում անցկացրած մեկ տարին կարեւորագույններից մեկն էր Մասչանի կարիերայում։ Նա հայտնվել էր Ֆրանսիայի լավագույն հիվանդանոցներից մեկում՝ «St. Louis» հոսպիտալում։

«Այդ մեկ տարին ի հայտ բերեց արեւմտյան եւ մեր բժշկության միջեւ առկա անդունդը՝ տասնյակ տարիներ երկաթե վարագույրի հետեւում գտնվելը թույլ չէր տալիս մեզ առաջընթաց ունենալ»,-ասում է նա։

Օրինակ՝ եթե Խորհրդային Միությունում լեյկոզով հիվանդ երեխաների միայն 7 տոկոսն էր բուժվում, արեւմուտքում այդ ժամանակ 70 տոկոսն էր նորմա համարվում։ «St. Louis» հոսպիտալում տարեկան ոսկրածուծի շուրջ 120 փոխպատվաստում էր իրականացվում, մինչդեռ ամբողջ Ռուսաստանում հինգ տարում էլ այդքան չէր լինում։ «Այդ պրակտիկան ինձ թույլ տվեց թռիչք կատարել մասնագիտությանս մեջ։ Դա իմ առաջին իսկական կրթությունն էր, եւ ես շնորհակալ եմ ճակատագրից այդ հնարավորության համար»,- ասում է Ալեքսեյը։

Փարիզից Մասչանի վերադարձից հետո գիտական խումբը, որում նա աշխատում էր, կարողացավ լեյկոզով հիվանդ երեխաների առողջանալու հավանականությունը բարձրացնել եւ հասցնել արեւմտյան մակարդակին: Այդպես դրվում  էին մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի Դմիտրի Ռոգաչովի անվան ապագա կենտրոնի հիմքերը: Մոտ 20 տարի անց` 2011թ. բացված կենտրոնը նախատեսված էր որպես վայր, որտեղ հոգում են յուրաքանչյուր երեխայի մասին: «Ստեղծելով այն՝ մտածում էինք, թե ինչպիսի վերաբերմունք կցանկանայինք տեսնել մեր սեփական երեխաների նկատմամբ: Այդ կենտրոնում իրականացվեց այն ամենն, ինչի մասին իմ գործընկերները երազում էին տարիներ շարունակ: Իսկապես կարող ենք հպարտանալ դրանով»,- ասում է Ալեքսեյ Մասչանը:

Ալեքսեյ Մասչանի գերդաստանում եղել  են ամենատարբեր մասնագիտություններ եւ ձեռքբերումներ ունեցող մարդիկ. հորական տատիկի եղբայրը Իլյուշինի կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր ինժեների տեղակալն էր: Ոչ հարազատ հորեղբայր Արմեն Մեդվեդեւը ԽՍՀՄ նախարարների խորհրդում մշակույթի բաժնի վարիչն էր, Պետկինոյի ղեկավարը: Մեծ պապիկի քույր Անահիտ Մասչանը Երեւանի թատրոնի դերասանուհի էր, Լենինի մոր դերակատարման համար արժանացել է ժողովրդական արտիստի կոչման:

Ստեփան Մասչանը, քույրը` դերասանուհի Անահիտ Մասչանը, նրա ամուսինը՝ ռեժիսոր Արմեն Գուլակյանը, եւ նրանց դուստր Սյուզաննան` բանասեր  

Մոր հորաքույրը` Ռեւեկա Չերնովան, բժիշկ էր, որը դիպլոմն ստանալուց հետո1941-ի հունիսին մեկնել է ռազմաճակատ: Պարգեւատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով, ինչպես նաեւ Մարտական կարմիր դրոշի երկու շքանշանով:

Ալեքսեյն առաջին, բայց ոչ վերջին բժիշկն է կրտսեր սերնդում: Նրա օրինակին հետեւել է կրտսեր եղբայր Միխայիլը, եւ ներկայում նրանք երկուսով նույն կենտրոնում են աշխատում: Միխայիլ Մասչանը գլխավորում է կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: «Շատ ուրախ եմ, որ այդպես է ստացվել, նա իդեալական բժիշկ է»,- ժպտում է Ալեքսեյը:

Մահվան, այսինքն` քաղցկեղի դեմ դեղամիջոց Ալեքսեյ Մասչանն այդպես էլ չի գտել. պարզվեց, որ քաղցկեղը շատ բազմերեսանի հիվանդություն է, եւ դրա դեմ մեկ դեղամիջոց լինել չի կարող: Բայց նա գոհ է արյունաբանության եւ ուռուցքաբանության ոլորտում այս տարիների ընթացքում տեղի ունեցած առաջընթացից. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են հեղափոխական գիտական բացահայտումներն ընդամենը մի քանի տարի անց վերածվում կիրառական գաղափարների, որոնք օգնում են հիվանդներին: Ապրում ենք թե գիտության, թե բժշկության ոլորտում մշտապես տեղի ունեցող հրաշքի զգացողությամբ»:

Աղբյուր՝ https://100lives.com/hy/stories/detail/regular/9006/-

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ