«Նորհայաստանցիներին» հալածում են նաև բանտում. ահազանգ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ահազանգել է ՔԿՀ-ում գտնվող կալանավորված Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի վիճակի մասին:
Ըստ հաղորդագրության պայքարող քաղաքացու նկատմամբ հանցավոր վարչախմբի թշնամանքը չի մեղմանում անգամ նրան ապօրինի կերպով բանտ նետելուց հետո:
«Առանձին խուց տեղափոխվելու վերաբերյալ քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի պահանջները, ինչին նրանք հասել էին հացադուլի միջոցով, բավարարվեցին շատ կարճ ժամանակով:
Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Գևորգ Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, Գևորգին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի իրավունքների, հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: Այնուհետև Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին պատժախուց: Իսկ Հայկ Կյուրեղյանի շատ նեղ խցում տեղավորել են մի քանի հացադուլավորների` դրա պայմաններն անտանելի դարձնելով այնտեղ գտնվողների համար:
Ի դեպ` տարբեր աղբյուրների միջոցով պատկան մարմիններից ստացվող փաստարկումը, որ այդ տեղափոխությունները պայմանավորված են կալանավայրի գերբեռնվածությամբ, հերքվում է Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած Զարուհի Փոստանջյանի տեղեկություններով, որոնց համաձայն Գևորգի պատժախուցը շատ ընդարձակ է:
Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժողքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սաֆարյանին ձերբակալել են հունվարի 1-ին, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն՝ նա բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Ավելի ուշ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է կալանքը: