Մահացել է գեներալ Մանվելի եղբայրը
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 62-րդ տարում մահացել է Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը։
Երկրապահական ընտանիքը ցավակցում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանին հարազատ եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Կորուստն անդառնալի է եւ կորուստը ոչ միայն Գրիգորյանների ընտանիքինն է, այլեւ՝ երկրապահական եռասերունդ ընտանիքինը, ողջ հանրությանը։ Համբարձումը ողջ կյանքը նվիրել է հայրենիքին։ Զորավարի ղեկավարած ջոկատի, ապա՝ գումարտակի, հետո՝ բրիգադի կազմում մասնակցել է 1989-94 թվականների ազատագրական պատերազմին։ Պատերազմից հետո եւս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին։ Համբարձումը սիրված եւ հարգված անհատականություն էր, վայելում էր համագյուղացիների, ընկերների, բոլոր իրեն ճանաչողների հարգանքը։ Բնական է, որ նրան ճանաչող ամեն ոք այսօր ցավ ու կսկիծ է զգում հարգարժան հայ մարդու վախճանի կապակցությամբ։
Երիցս ցավակցելով՝ համբերություն եւ առողջություն ենք մաղթում Համբարձում Գրիգորյանի զավակներին, թոռներին, ընտանիքի անդամներին, հարազատներին։
Ննջիր խաղաղությամբ, թանկագի՛ն Համբարձում։
Համբարձում Գրիգորյանի հուղարկավորության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։
ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻ
Պահեստազորի ավագ լեյտենանտ Համբարձում Սեկտորի Գրիգորյանը (գրանցված ԵԿՄ Էջմիածնի տ/բ) 1990-1994թթ. Էջմիածնի կամավորականների ջոկատի, այնուհետև 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ սահմանների ազատագրական, պաշտպանական մարտական գործողություններին:
10.10.1990թ.-25.12.1991թ. Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասանակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:
02.12.1992թ.-20.04.1993թ. Էջմիածնի 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:
04.06.-17.08.1993թ. մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ֆիզուլի տարածքի ազատագրական մարտական մարտական գործողություններին:
26.12.1993թ.-20.04.1994թ. մասնակվցել է Մարտակերտի շրջանի Մադաղիս, Մաղավուզ, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Թալիշ գյուղերի մարտական գործողություններին:
Մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական Ծառայություն», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «ԶՈՒ 20 տարի», ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ», ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալներով և պատվոգրերով: