Հայրիկյանը դիմադրել է. Արամ Հարությունյանին մանրամասներ է պատմել
Նախագահի թեկնածու, ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարուր Հայրիկյանին: ՛՛Փա՛ռք Աստծո, ամեն ինչ նորմալ է:
Նա պատմեց որոշակի մանրամասներ, բայց ինձ ավելի շատ առողջական վիճակն էր հետաքրքրում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը: Հայրիկյանը պատմել է, որ իր կողմից դիմադրություն է եղել, և դա է եղել պատճառը, որ հանցագործը շեղ է կրակել:
Խոսելով մահափորձի պատվիրատուների մասին՝ Հարությունյանն ասաց, թե չի ուզում գուշակություններ անել, սակայն համոզված է, որ կատարվածը պետք չէ դիտարկել որպես միարժեք քայլ:
՛՛Սա պլանավորված է, այնքան էլ միարժեք չէ, թե ում կլինի ձեռնտու, ով օգուտներ կքաղի այս մահափորձից, քաղաքականության մեջ միքայլանոց օպերացիաներ չեն լինում՛՛,-ասաց Հարությունյանն ու հիշեցրեց, ինքը հենց սկզբից էր ասում, որ այս ընտրությունները օրինական չեն լինելու:
Henaran.am-ի հարցին, թե Հարությունյանը բացառում է, որ սա կարող է լինել ոչ թե քաղաքական մահափորձ, այլ անձնական դրդապատճառների հիման վրա կատարված, պատասխանեց. ՛՛Ես միայն կասեմ, որ սա լավ պլանավորված սցենար էր, հետաքննությունը ցույց կտա, սակայն սա ընտրությունների նախօրեին փոխեց իրավիճակը:
Եկեք սպասենք, ժամանակը ցույց կտա, բայց արդեն խոչընդոտ կա նախագահի թեկնածուներից մեկի նկատմամբ՛՛: