Լավ նորություն` ավտովարորդներին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով տուգանքների, այսպես կոչված, «համաներման» և մյուս իրավակարգավորումների մասին, Facebook-ի իր անձնական էջում գրել է.
«Հարգելի´ գործընկերներ, այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ուժի մեծ մտած օրենքներով սահմանված իրավակարգավորումների վրա:
1. Նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար, /ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն,/ կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում:
2. Այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:
3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաև մգեցված ապակիներով երթևեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:
4. Խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:
5. այսպես կոչված «համաներումը»՝
ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո ՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:
բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը և կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի»: