Վայքի 32-ամյա բնակչուհին ավազակային հարձակում է իրականացրել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վայք քաղաքի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կմոիտեի լատվական ծառայությունը:
Քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը կին է, 32 տարեկան, ով իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ավազակային հարձակում է իրականացրել իր համաքաղաքացու նկատմամբ:
Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու մեղադրյալը ճանաչել են միմյանց, գտնվել լավ փոխհարաբերությունների մեջ։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական խնդիրների պատճառով գործով մեղադրյալ Լ.Մանուկյանի ընտանիքն ունեցել է որոշ դժվարություններ՝ վարկային պարտավորությունները պատշաճ կատարելու հետ կապված։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին վարկային կազմակերպության կողմից ստացել է զգուշացում, և Լ.Մանուկյանը որոշել է վաճառել իր ոսկյա կրծքազարդը՝ պահանջվող գումարը վճարելու համար։
2015 թվականի հոկտեմբերի 6-ին նա այցելել է գործով տուժողին՝ առաջարկելով գնել իր կրծքազարդը, սակայն վերջինս հրաժարվել է ձեռք բերել 5 գրամ կշռով ոսկյա զարդը՝ պատճառաբանելով, որ պարզ չէ դրա պարունակությունը։ Գտնվելով հյուրասենյակում՝ Լ.Մանուկյանը նկատել է տուժողի սեղանի վրա դրված ոսկյա զարդերը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Լ.Մանուկյանն իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, որպեսզի իրեն չճանաչեն, իր բնակարանից նախապես վերցնելով կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ՝ գնացել է տուժողի բնակարան, ում տան մուտքի մոտ դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները և դանակը ձեռքին՝ թակել է նրա բնակարանի դուռը: Վերջինս բացել է դուռը, իսկ Լ.Մանուկյանը, հրելով նրան, ապօրինի մուտք է գործել բնակարան:
Քննությամբ պարզվել է, որ Լ. Մանուկյանը հարձակվել է Զ.Ավագյանի վրա, ձեռքին գտնվող դանակը պահել վերջինիս պարանոցի շրջանին և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել է հանձնել ոսկյա զարդերը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Լ. Մանուկյանը չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ օգնության են հասել հարևանները:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ կիրառվել է գրավ:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: