Իմ հենարանը ինձ վստահող ժողովուրդն է. Սերժ Սարգսյանը Ստեփանավանում է/ֆոտո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզաշավը հունվարի 30-ին շարունակեց Ստեփանավանում: Մինչ նախագահի ժամանումը դահլիճում նստած ստեփանավանցիների մեծ մասը կարդում էր “Դեպի ապահով Հայաստան” նախընտրական ծրագիրը:
Մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Քերյանն առաջինը ոչ թե ծրագրի կրթական հատվածն է ուսումնասիրում, այլ պաշտպանության ոլորտով է հետաքրքրված: “Տղաներս ծառայել են, թոռնիկս ծառայում է եւ էլի թոռնիկներ ունեմ, որ պիտի մեծանան ու ծառայեն”,-ասաց տիկին Քերյանը Henaran.am-ի հետ զրույցում:
Իսկ թեկնածուն ստեփանավանցիներին ասաց, որ եկել է խնդրելու, որ քվեարկեն իր օգտին: Նրա խոսքով` 5 տարի առաջ իր ուսերին կար մեծ պատասխանատվություն, իսկ հիմա էլ եկել է նոր պատասխանատվություն ստանձնելու:
“Իմ հենարանը ինձ վստահող ժողովուրդն է: 5 տարի հետո այսօրվա բազմաթիվ խնդիրները լուծված կլինեն, բայց նոր խնդիրներ են լինելու: 5 տարի առաջ էլ կային խնդիրներ, որոնց մասին այսօր մոռացել ենք: Ես տեսնում եմ ապահով Հայաստանի ճանապարհը, խարսխված համբերությամբ եւ քրտնաջան աշխատանքի վրա”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա ստեփանավանցիներին կոչ արեց լինել ազատ` այսօր, քվեարկության օրը եւ ընտրություններից հետո: Նրա խոսքով` իշխանությունը լսում է կարծիքները եւ փորձում համախբել, լուծել այդ հարցերը:
“Ոչ մի վտանգ չի կարող լինել, իշխանությունը ոչ թե պետք է նեղվի ձեր ազատ կարծիքներից, տեսակետներից, այլ պետք է խրախուսի դրանք, քանի որ այդ ամենն օգնում է մեզ` սրբագրելու մեր ծրագիրը, առաջիկա անելիքները”,-ասաց թեկնածուն: