Պետք չէ ի սկզբանե ընտրությունների անցկացումը կասկածի տակ դնել. ՕԵԿ

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է նախագահական քարոզարշավի առաջին շաբաթը: Նա թեկնածուներին բաժանեց տարբեր խմբերի` ըստ նրանց ակտիվության:
“ Սերժ Սարգսյանն ակտիվ քարոզարշավ է վարում, մարզային այցելություններ է կատարում, երկրորդ խումբը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է, Հրանտ Բագրատյանն է, Պարույր Հայրիկյանն է, ովքեր եւս իրենց ձեւով քարոզարշավ են կատարում, իսկ երրորդ խումբը ես կհամարեի մնացած բոլոր թեկնածուներին”,-դասակարգեց ՕԵԿ փոխնախագահը:
ՕԵԿ-ը սատարում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, եւ իր հերթին հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, նաեւ կազմակերպչական աշխատանքներ են տանում:
Շահգելդյանը համաձայն չէ այն տեսակետին, որ չկան ծանրակշիռ մրցակիցներ: “ Մարդիկ ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են: Մենք ունենք շանս քայլ առ քայլ առաջ գնալու: Ես չեմ ուզում ասել, որ այդ մարդկանց վարկանիշն արհեստականորեն բարձրացվում է ՀՀԿ-ի կողմից, մարդիկ ունեն այն վարկանիշը, որն ունեն”,-ասաց նա:
ՕԵԿ-ական պատգամավորի խոսքով` ընտրողների մոտ անտարբերություն չի տեսել: “Մարդիկ հարցնում են, հետաքրրքված են ե’ւ ծրագրերով, ե’ւ թե ինչ փոփոխություններ են լինելու”,-ասաց Շահգելդյանը` ավելացնելով, որ պետք չէ ի սկզբանե ընտրությունների անցկացումը կասկածի տակ դնել: