24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատարագ Բանակի օրվա առիթով /ֆոտո/

Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:

Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարեւոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ եւ հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել եւ հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով   ծանր եւ դժվարին ժամանակներով, այլեւ հայ զորականաց սուրբ եւ արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես նշեց. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարեւորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջեւ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն եւ ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հանրապետական մաղթանքից հետո Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեկ անգամ եւս շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Անդրադառնալով թե° հոգեւոր սպասավորների եւ թե° զինվորականների ծառայության կարեւորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշեց, որ նրանք երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգեւոր եւ ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու եւ ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:

Այնուհետեւ, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու “Սբ. Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին եւ  գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

Ապա ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով  Արցախյան ազատամարտին մասնակցած եւ զինված ուժերում հոգեւոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգեւորականներ պարգեւատրվեցին “Մարշալ Բաղրամյան”, “Անդրանիկ Օզանյան”, “Դրաստամատ Կանայան”, “Գարեգին Նժդեհ”, “Վազգեն Սարգսյան” եւ “Ծովակալ Հ.Ս. Իսակով” մեդալներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ