Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել
Եղանակային պայմանների պատճառով հանրապետության տարբեր հատվածներում շարունակվում են գրանցվել մեքենաների արգելափակումներ։ Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, հունվարի 25-ին` ժամը 22.00-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնացքում (Գեղարքունիքի մարզի կողմից) ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները և ”Մարտունի ՃՇՇ”-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 25 ավտոմեքենա (68 ուղևոր): Հրշեջ-փրկարարները 7 ուղևորի տեղափոխել են Գեղհովիտ գյուղ:
22.27-ին մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ-Ճարճակիս ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (կունգ-ամենագնացով): Մինչ ավտոմեքենաների ձնաբքից դուրս բերելը` 12 ուղևորներ տեղափոխվել են ամենագնացի կունգ` տաք պայմաններում սպասելու: Հրշեջ-փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 8 ավտոմեքենա (38 ուղևոր):