Տեր Շմավոնի ”հանդուրժողականությունը” /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ շենքի դիմաց շարունակում է իր հացադուլը: Henaran.am-ն այսօր եւս այցելեց հացադուլավոր թեկնածուին, որն ինչպես արդեն տեղեկացրել ենք, հացադուլի երրորդ օրվանից սկսած լրագրողների հետ շփումները սահմանափակել է միայն 14:00-14:30-նն ընկած ժամանակահատվածով:
Մեր այցելության պահին ԳԱԱ-ում ակադեմիկոս, ֆիզիկոս Համլետ Վարդապետյանի հոգեհանգստյան արարողությունը պետք է լիներ կամ արդեն տեղի էր ունեցել: Մինչ մենք զրուցում էինք հացադուլի դիմած թեկնածուի հետ, նրան մոտեցավ եւ ողջունեց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, ով ամենայն հավանականությամբ եկել էր ակադեմիկոսի հոգեհանգստյան կարգը կատարելու:
Տեսնելով մեր տեսախցիկը, Տեր հայրը, մեզ համար անսպասելի, քրիստոնեական հանդուրժողականությանը հակադրվող սպառնալից տոնով պահանջեց. ’’Հանկարծ ինձ վերաբերող նյութ չդնես, մի նկարի’’:
‘’Ինչո՞ւ եք սպառնում’’,- հետաքրքրվեցինք` բացատրելով քահանային, որ մեր գործողություններն արգելված չեն որեւէ օրենքով, ընդամենը կատարելով մեր մասնագիտական պարտականությունները, հրապարակային քաղաքացիական ակցիա ենք լուսաբանում:
‘’Հենց ըտենց, եկել եմ ընկերոջս տեսնեմ: Ես չեմ սպառնում, խիստ տոնով ասում եմ` չհամարձակվես: Դու պարտավոր ես խնդրել ինձ` կարելի է նկարել, թե ոչ, ինչ գործ ունես իմ անձնական կյանքը լուսաբանես’’,-հայտարարեց Տեր Շմավոնը:
Ի գիտության եկեղեցու սպասավորի, նշենք, տվյալ հանրային տարածքում տեսա եւ լուսանկարելն արգելված չէ որեւէ օրենքով, առավել եւս եթե այնտեղ ընթանում է այցելությունների համար բաց քաղաքական եւ քաղաքացիական բողոքի ակցիա հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի մասնակցությամբ:
Չենք կարծում, թե մեր նկարահանումն ինչ-որ կերպ կարող էր խախտել Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը:
Առավելագույնը, որ կարող էինք նշել մեր նյութում, ընդամենն արձանագրելը պետք է լիներ, որ մեր այցելության պահին քահանան մոտեցավ, ողջունեց եւ Աստծո օրհնությունը խնդրեց ինքնազոհողության քայլի դիմած քաղաքացու համար:
Ցավով ենք փաստում, որ սեր եւ փոխադարձ հանդուրժողականություն քարոզելու կոչված հոգեւոր այրը նման անհանդուրժող վերաբերմունք դրսեւորեց լրագրողի նկատմամբ:
Հ.Գ. Նշենք, որ մեր զրույցը հացադուլի դիմած թեկնածուի հետ եւ մեր նկարահանումը որեւէ կերպ չէր խոչընդոտում ԳԱԱ-ում տեղի ունեցող հոգեհանգստյան արարողությանը: Մեր տեսխցիկն ուղղված էր բացառապես նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմը: