12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի “ապահով Հայաստանը”

Ներկայացնում է ենք Սերժ Սարգսյանի նախընտրկան ելույթը Վայոց Ձորի մարզում:

 Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ անելիքներ դեռևս առջևում են։ Մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։

Վայոց ձորը Հայաստանի ամենաինքնատիպ մարզերից է, որտեղ կողք-կողքի են նախնադարյան հնավայրերն ու նորատունկ այգիները, հազարամյակների տարիք ունեցող հնձաններն ու այսօրվա գինեգործությունը, միջնադարյան մշակույթի ու հատկապես ճարտարապետության գլուխգործոցներն ու ժամանակակից բնակավայրերը։ Դուք ապրում եք այս հարուստ ժառանգության և հրաշք բնության մեջ։ Մեր ընդհանուր խնդիրն է ապահովել նաև հարուստ վաստակ մեր ընտանիքների և երկրի համար։ Դա նշանակում է, որ մենք պարտադիր պետք է ունենանք զարգացած, ժամանակակից գյուղ և արդյունավետ գյուղատնտեսություն։ Դա իմ նախընտրական ծրագրի կարևոր մասն է, որ ձեր ցանկության և ընտրության դեպքում մենք կարող ենք համատեղ իրականացնել։

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը մենք հայտարարել ենք որպես իրականացվող քաղաքականության առանցքային փոփոխություն: Մենք պարտավոր ենք գյուղում ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ: Եվ մենք ասում ենք՝ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի:

Խրախուսելու ենք գյուղատնտեսական կոոպերացիան, ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի՝ խաղողագործության և պտղաբուծության զարգացումը: Ֆինանսական զգալի ներդրումներ են կատարվելու ժամանակակից տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնադրման և այգեգործության զարգացման ուղղությամբ:

 Շարունակելու ենք գյուղացիական տնտեսություններին մատակարարել մատչելի գներով վառելանյութ, պարարտանյութ: Եվ մենք մի խնդիր ունենք լուծելու, որ ես վստահ եմ 2013թ. իրականանալու է՝ դա երկարաժամկետ վարկավորմամբ գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրումն է գյուղացիներին կամ գյուղացիական տնտեսություններին: Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվելու ագրովերամշակման ոլորտի զարգացման և թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացները:

 Վայոց ձորը բազմակողմանիորեն զարգանալու մեծ ներուժ ունի, ոչ միայն գյուղատնտեսության, այլև արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ բնագավառներում։ Մեր խնդիրն է ձեզ հետ միասին վեր հանել և կյանքի կոչել այդ ներուժը։ Հայաստանի ամենագեղատեսիլ հատվածներից մեկը՝ Վայոց ձորը, ունի առանձնահատուկ դեր՝ ընդգծելու մեր երկրի գրավչությունը։ Տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ մեր զբոսաշրջային նպատակային քաղաքականությունը նպաստելու է նաև արտաքին աշխարհի համար նոր և ինքնատիպ դիմագիծ ունեցող Հայաստանի բացահայտմանը և ճանաչմանը։

Մեր ծրագրերը հետապնդում են հեռահար նպատակներ։ Բայց առաջիկա տարիների պլանները նույնքան կարևոր են և մանրամասնորեն մշակված։ Ե՛վ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված քայլերը, և՛ ենթակառուցվածքների զարգացումը, և՛ գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումները, և՛ գործարար միջավայրի բարելավումը բերելու են ապահովության նոր մակարդակ թե՛ Հայաստանի, թե՛ յուրաքանչյուր ընտանիքի համար։

“Ապահով Հայաստանը” պարզապես կարգախոս չէ, այլ համալիր ծրագիր։ Չեմ կարծում, թե որևէ սթափ մարդ կարող է առարկություն ունենալ դրա դեմ։ Ապահովության զգացման պարտադիր բաղադրիչն է այն ազատությունը, որով մարդը՝ քաղաքացին, ապրում է իր երկրում և գնում է ընտրությունների։ Ես ձեզ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և հստակորեն արտահայտել ձեր քաղաքական համակրանքն ու դիրքորոշումները։

Համոզված եղեք, որ ձեր այդ քայլով դուք Հայաստանը և ինքներդ ձեզ դարձնում եք ավելի ապահով։ Համոզված եղեք, որ դրանով դուք ձեր երկիրն ու ձեզ դարձնում եք ավելի ազատ։ Ընտրությունը ձերն է, ուրեմն և պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար առաջին հերթին ձերն է, որովհետև ազատություն նշանակում է պատասխանատվություն սեփական քայլերի համար։ Ընտրության պետք է գնալ ազատության և պատասխանատվության այդ բարձր զգացումներով։

Եվ ո՛չ միայն ընտրության։ Ազատության և պատասխանատվության զգացումներով է, որ ազգերը հարատևում են, որ հարգանքի են արժանանում միջազգային ասպարեզում, և երկրները դառնում են հեղինակավոր և մրցունակ։ Ազատությունն ու բարեկեցությունը մեզ համար ոչ ոք երկնքից չի իջեցնելու։ Մենք դրանք պիտի առաջ բերենք մեր միջից՝ մեր վարքով ու մեր գործերով։ Իմ նախընտրական ծրագիրը ահա այդ գործերի և դրանց հաջորդականության սեղմ շարադրանքն է։ Հենց դա եմ ես բերել և առաջարկում եմ ձեր դատին։

“Դեպի ապահով Հայաստան” ծրագիրը, մեծ հաշվով, այն քայլերի ամբողջությունն է, որոնք ես առաջարկում եմ համատեղ իրականացնել։ Այն վերացական չէ, այլ շատ կոնկրետ է, խիստ որոշակի։ Այն շոշափում է մեզնից յուրաքանչյուրի կյանքը և շահերը՝ սկսած երեխաների առողջությունից ու կրթությունից, վերջացրած երկրի քաղաքական համակարգով։ Ես ձեր վստահությունն եմ հայցում, որպեսզի միասին հասնենք մեր երազած Հայաստանին, միասին քայլենք դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ։ 

Ապահով Հայաստան հասնելու համար, սիրելի վայոցձորցիներ, մեզ օդի պես անհրաժեշտ է, որպեսզի առաջիկա քաղաքական միջոցառումը, առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ազատ, արդար և ամբողջովին համապատասխանեն միջազգային չափանիշներին: Մենք ունենք բոլոր հնարավորությունները լավագույն ընտրություններն անցկացնելու համար:

Առանց լավ ընտրությունների, առանց ազատ, արդար ընտրությունների, հավատացեք, անհնար է Հայաստանի ապագա զարգացումը: Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գիտակցում է այդ պարզ ճշմարտությունը և ամեն ինչ անելու է, որպեսզի փետրվարի 18-ին և՛ մեր հանրապետության բնակչությունը, և՛ մեր գործընկերները, միջազգային հանրության ներկայացուցիչները արձանագրեն հենց այդպիսի ընտրությունների անցկացում:

Գիտեք, որ Հայաստանում մարդիկ բավականաչափ ազատ արտահայտվում են, գիտեք, որ քաղաքական կյանքում Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, և մարդիկ իրենց տեսակետները հնարավորություն ունեն մշտապես հրապարակավ արտահայտելու՝ լինեն դրանք մեզ համար հաճելի, թե տհաճ: Այդ ազատության պայմաններում, իհարկե, և՛ մեր քաղաքացիները, և՛ քաղաքական ուժերը մշտապես փորձում են մեր գործունեության բոլոր ոլորտներում գտնել թերությունները, և դա մեզ համար օգտակար է:

Բնականաբար, քանի որ հիմա նախագահական ընտրություններ են, նրանք փորձում են թերություններ գտնել հենց այդ ընտրությունների կազմակերպման պրոցեսում՝ մոռանալով հանդերձ, որ լավ ընտրություններ անցկացնելու համար պատասխանատու են նաև իրենք: Առաջին պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, բայց պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը: Իշխանությունների խնդիրն է հնարավորություններ ստեղծել, որպեսզի բոլորն ազատ արտահայտեն իրենց կամքը: Եվ որպեսզի դուք մեզ օժանդակեք, խնդրում եմ բոլորիդ՝ լինել ակտիվ:

Փետրվարի 18-ին ձեր առաջին խնդիրն է լինելու գալ ընտրատեղամաս և կատարել ընտրություն: Բնականաբար, ես որպես Նախագահի թեկնածու, ցանկություն ունեմ առավելագույն ձայներ հավաքել, բայց ձեզ անկեղծորեն եմ ասում՝ իմ գլխավոր նպատակը լավ ընտրություններ անցկացնելն է: Եվ ես վստահ եմ, որ Վայոց ձորի մարզի մեր բոլոր քաղաքացիները այս հարցում համակարծիք են ինձ հետ:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ