ԱՊՀ դիտորդական խումբը սկսում է աշխատանքները. գնահատականները միայն սեփական դիտարկումներով /վիդեո/
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Հանդիպումից հետո Գարկունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` իրենք այսօրվանից սկսում են աշխատանքը: Գարկունը նշեց, որ իրենք դիտորդական առաքության մեծ փորձ ունեն և գնահատականներ կտան ու եզրակացություններ կանեն միայն հենվելով սեփական դիտարկումների վրա:
ԱՊՀ դիտորդներին տեղեկություն է տրամադրվել քարոզարշավի և թեկնածուների վերաբերյալ: Նրանք այս օրերին հանդիպումներ կունենան նախագահի թեկնածուների ու ընտրական գործընթացներով զբաղվող մարմինների հետ: Մինչ այսօր Հայաստանի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 70 հոգի, սակայն Գարկունը հույս հայտնեց, որ ԱՊՀ բոլոր եկրներից 170 դիտորդ մասնակցություն կունենա այդ գործընթացին:
”Բոլոր իրադարձությունների մոնիտորինգ է իրականացվելու: Կհանդիպենք նախագահի թեկնածուների հետ, ընտրությունների օրը մեր բոլոր դիտարկումների վերջնական վերլուծությունը կանենք, իսկ հաջորդ օրը` փետրվարի 19-ին, վերջնական արդյունքների մասին մեր դիտարկումները կհայտնենք”,-ընդգծեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալը:
Հարցին, թե ինքն էլ է համակարծիք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչիի այն կարծիքի հետ, որ պետք է անհանգստանալ, որ ընտրողների մոտ անտարբերություն կա, իսկ քաղաքական գլխավոր ուժերի մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, Վլադիմիր Գարկունը պատասխանեց, որ այսօր է եկել Հայաստան և գնահատականներ տալ չի կարող: Բացի այդ, ինքը չի հիմնվում լրատվամիջոցների տեղեկատվության վրա և միայն սեփական դիտարկումների հիման վրա գնահատականներ կտա: