Քոչարյանը չկա, Զարուհին կա
Վերջերս աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում հետաքրքիր միտում է նկատվում։ Պատգամավորները «գրոհում են» ամբիոնն ու գրավում այն։ Այս նախադեպը մեր օրերում խորհրդարան ներմուծեց Զարուհի Փոստանջյանը, ով դարձել է ԱԺ նախագահության նյարդերի խոցելիության աստիճանը որոշող ինդիկատոր:
Ի դեպ, բազմազավակ մայր Զարուհի Փոստանջյանը գուցե Հայաստանում է «սպիտակ ագռավ», թե` հայ կնոջը չի սազում: Խորհրդարանական գլխավոր խոսափող-ամբիոն գրավելն աշխարհում ընդունված պրակտիկա է, մասնավորապես արևմտյան կրակից դուրս բերված հեղափոխությունների ֆոնին:
Մեզ մոտ էլ ոմանք ոգեշնչվել են Վրաստանի, ապա Ուկրաինայի հեղափոխական հաջողած քամիներով: Ցուցարարները ներխուժեցին խորհրդարան: Նրանք իրենց հետ բերել էին կարմիր վարդեր: Հիշում ենք` Սահակաշվիլին բարձրացրեց կարմիր վարդ՝ ազդարարելով` «հրաժարական» և իրեն ներկայացրեց որպես նոր առաջնորդ:
Կամ օրինակ` 2012 թվականին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները փորձեցին գրավել ամբիոնը, ինչից հետո պատգամավորների միջեւ մասսայական ծեծկռտուք տեղի ունեցավ։
Երբ ընդդիմադիրները գրավեցին ամբիոնը, նրանք գրեթե 4 ժամ մնացին այնտեղ` պնդելով, թե իրենք ոչ թե գրավել են, այլ փրկել են ամբիոնը:
Նմանօրինակ մի իրավիճակ էլ տեղի է ունեցել Հարավային Կորեայի Ազգային ժողովում: Ամենամեծ ծեծկռտուքը տեղի է ունեցել 2009 թ. հուլիսին, երբ ընդդիմությունը փորձում էր խափանել հեռուստաընկերությանը վերաբերող հարցի քվեարկությունը: Այս անգամ ամբիոնը գրավեցին իշխող կուսակցության պատգամավորները, իսկ նրանց ընդդիմախոսները, փորձելով «ազատագրել» ամբիոնը, բառի բուն իմաստով՝ գրոհեցին գործընկերների գլուխների վրայով:
Թայվանի խորհրդարանում եւս ցանկացել են գրավել ամբիոնը՝ իշխանամետ պատգամավորները փորձել են ամբիոնից հեռացնել ընդդիմախոսներին, ովքեր խոչընդոտել են նոր ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունմանը։ Այդ փորձից հետո մասսայական ծեծկռտուք է սկսվել։
Վերադառնալով Ուկրաինային՝ անկասկած այս երկիրը խորհրդարանական ծեծկռտուքների եւ ամբիոնը գրավելու փորձերի թվով բացարձակ առաջատարն է։ Տարիներ առաջ այստեղ այն ժամանակ ընդդիմադիր համարվող Բատկիվշինա կուսակցության պատգամավորները կրկին գրավեցին Ռադայի ամբիոնը:
Նրանք պահանջում էին Գերագույն վարչական դատարանից հետ կանչել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակի դիմումը: «Վլասենկոյին չենք հանձնի, ոչ ոքի չենք հանձնի»,- գոռում էին։
Եվ ընդամենն օրեր առաջ նմանատիպ դեպք կրկնվեց, երբ Ռադայում ելույթ էր ունենում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Պատգամավոր Օլեգ Բարնան, ծաղիկները ձեռքին, մոտեցավ վարչապետին, գրկեց նրան ու հեռացրեց ամբիոնից: Վայրկյանների ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվեց:
Նախօրեին Զարուհի Փոստանջյանը ոչ մի կերպ չէր ցանկանկանում լքել ամբիոնը, փոխխոսնակն էլ համոզում էր` «ի՞նչ անեմ, տղամարդ չեք, որ գամ գրկեմ դուրս հանեմ» … Ի վերջո, չնախատեսված ընդմիջում հայտարարվեց։
Ի դեպ, Ազգային ժողովի ամբիոնը գրավվել է նաեւ 2002 թվականին, «Հանրապետություն» եւ ՀԺԿ ուժերի պատգամավորների կողմից: Նրանք պահանջում էին քննարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Այն ժամանակ այս հարցն օրակարգ չէր ընդգրկվել, նիստն էլ ընդհատվել էր։