Դադարեցրեց հացադուլը
Հայկ Կյուրեղյանը, ով արդեն 27 օր հացադուլի մեջ էր, այսօր դադարեցրել է հացադուլը:
Henaran.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ղլեչյանի փոխանցմամբ` Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է, սակայն անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ բուժօգնություն կստանա:
Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում: