13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետ Աբրահամյան. Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վանաձոր, որտեղ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ից անցկացվում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված են ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցում է շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է մրցույթի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթների անցկացումը և ընդգծել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: «Կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել ՏՏ բնագավառի սկսնակ ընկերություններին: Արդեն իսկ ստեղծվել է մոտ 40 նոր ընկերություն: ՏՏ ոլորտը մեզ համար գերակա ուղղություն է.  պատրաստ ենք նոր ծրագրեր ֆինանսավորել, որպեսզի այս բնագավառում գրանցենք մեծ առաջընթաց: ՀՀ-ում ՏՏ ոլորտում ունենք մեծ ներուժ, տարեկան արձանագրվում է 25 տոկոս տնտեսական աճ: Մենք պետք է մեր մատաղ սերնդին ուղղորդենք դեպի այս բնագավառ, քանի որ այն ունի մեծ ապագա»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Աբրահամյանը:

Նախորդ տարի մրցույթը առաջին անգամ կազմակերպվել է Երևանից դուրս՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ն անցկացվում է Վանաձորում, ինչը մեծապես կնպաստի մարզի երիտասարդության մոտ ՏՏ կրթության և նորարության ուղղությամբ հետաքրքրության բարձրացմանը և ընդհանուր տեխնոլոգիական զարգացման խթանմանը: Թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ և մոբայլ լուծումների տարբերակները, որոնք կներկայացվեն մասնագետներին։ «Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ի մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ տեղական և միջազգային խնդրի ցանկացած հարթակում, ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: Լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերը կստանան մրցանակներ։

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը այցելել է Վանաձորում կառուցվող տեխնոպարկի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ տեխնոպարկի շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և կավարտվեն հաջորդ տարվա մայիսին: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել աշխատանքների ընթացքից և հանձնարարել պատասխանատուներին խստորեն պահպանել որակական հատկանիշները: Վանաձորի տեխնոպարկում կգործեն 2 գիտահետազոտական կենտրոն և 20-ից ավելի ընկերություններ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ