15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ես էլ ո՞ւմ դիմեմ, որ դատը կայանա ». Սերժ Սարգսյանի գրասենյակից խոստացել են

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց համար անսպասելի է եղել դատը հետաձգելու մասին այսօր դատարանի դահլիճում հնչած պատճառաբանությունը:

«Ես դատարանի ճանապարհին էի, երբ ինձ զանգեց մեր փաստաբանը և ասաց, որ իրեն տեղեկացրել  են, որ Մովսես Ազարյանի պաշտպանի հիվանդության պատճառով այսօր նշանակված դատական նիստը հետաձգվելու է: Հետո համացանցում հանդիպեցի, որ տեխնիկական պատճառներ են եղել` ամբաստանյալներին տեղափոխելու: Ի՞նչ է ամբողջ ՔԿՀ-ում մի մեքենա չկա՞ր»,-հարցադրում արեց տարակուսած հայրը:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ արդեն երրորդ դեպքն է, որ փաստաբանների պատճառով դատ է հետաձգվում.

«Հետո ինձ ասում են` ինչի՞ եք նախագահին նամակ գրել: Նամակում հիմնական շեշտը դրվել է հենց այս հարցի վրա, որ փաստաբանների պատճառով դատը հետաձգվում է: Ես էլ ո՞ւմ դիմեմ, որ դատը կայանա: Այդ մարդիկ պատժվեն: Նախագահի գրասենյակից ասել են, որ մեկ ամսից  գրավոր պատասխան կստանանք: Տասնապատիկ ցավ են պատճառում մեզ»,-ասաց հայրը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

4 կուրսանտների դատաքննության հետ քննվում է  նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա  2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ