Ավանցի ընտրողին հետաքրքրում էին միջազգային հարցեր /վիդեո/
ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը մեկ անգամ եւս փաստեց, որ ընտրություններն անցնելու են արդար: “Քաղաքական գործընթացների թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, սակայն միայն իշխանությունների պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել լավ արդյունքների:
Անցած տարիները բարդ տարիներ էին, սակայն այդ խնդիրները մեզ չեն կարող վհատեցնել: Մենք վհատվելու իրավունք չունենք: Մենք բոլորս միասին գնում ենք դեպի ապահով Հայաստան”,- ասաց նախագահի թեկնածուն: Սերժ Սարգսյանը փոփոխություններ խոստացավ` դրանք լինելու են ոստիկանության, դատական համակարգերում: Պատասխանելով ընտրողների հարցերին` նախագահը մասնավորապես անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:
“Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի սկզբում մեզ քննադատում էին, սակայն այդ գույժերից եւ ոչ մեկը չիրականացավ: Այս փաստաթուղթը մեր երազած փաստաթուղթը չէ, սակայն այն չի վտանգում մեր ազգային անվտանգությունը”,-ասաց նա:
Ինչ վերեբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ԼՂՀ միաջզգային ճանաչման գործընթացն արդեն սկսվել է, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կնշանակի, որ “այլեւս չենք ցանկանում շարունակել բանակցությունները, իսկ դա կնշանակի, որ մենք պետք է պատրաստ լինենք անմիջապես պատերազմ վարելու”:
“Պատերազմը մեծ վնաս կհասցնի թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ Ադրբեջանին”,-ասաց նախագահը:
Ըստ Սարգսյանի, Ադրբեջանի ղեկավարությունը իրեն սանձարձակ է պահում եւ այլատյացություն է սերմանում: Առաջիկա տարիներին շարունակվելու են ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Վաղը` հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը քարոզչությունը կշարունակի Սյունիքում: