Հրաշք չեղավ.հրեշտակները թող երգեն Նաիրայի ճամփին

Մեր գործընկեր, “Առաավոտ”-ի լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահը տխրեցրել է նրան ճանաչողներին եւ վերջիներս կիսվում են ցավակցական խոսքերով:
“Այսպիսի տեքստեր գրել չեմ կարողանում ու չեմ էլ ուզում կարողանալ: Ինչքան ծրագրեր ուներ… Ապրիլից արդեն ուզում էր վերադառնալ աշխատանքի: Ինչքան էր երեւում իր տեղի թափուր լինելն “Առավոտում”՝ եւ իբրեւ ընկերոջ, եւ իբրեւ լրագրողի: Այնքան հպարտությամբ էի շատերին ասում, թե Նառուկի շնորհիվ պարզեցի՝ այդ հիվանդությունը դատավճիռ չէ, եւ հրաշքներ լինում են:Բուժման առաջին փուլերը հաղթահարեց հաջողությամբ եւ այս՝ երրորդ փուլն ուղղակի կանխարգելիչ նշանակություն պետք է ունենար: Բայց արդեն շատ էր հյուծված: Չդիմացավ: Լույս իջնի հոգուդ, Նառուկ ջան”,-գրել է առցանց “Առավոտ”-ի խմբագիր Աննա Իսրայելյանը:
“Դեպքեր կան, որ բառերն անզոր են. լռությունն է օգնում:Հիմա, երբ դու ճամփորդ ես, միակ բանը, որ կարող եմ անել քեզ համար` երկնից քեզ համար արքայություն խնդրելն է. թող հեշտակները երգեն քո ողջ ճամփին”,-իր սրտի խոսքն է գրել լրագրող Կարմեն Դավթյանը:
Թատերագիր Լեւոն Մութաֆյանն էլ է ցավով տեղեկացել Նաիրա Մամիկոնյանի մահվան մասին: “ Ցավով, ափսոսանքով… Ափսոս, հազար ափսոս… Ինչքա՜ն ենք իրար հետ սուրճ խմել ու բանավիճել… Թող երկինքը գրկաբաց ընդունի նրան”,-գրել է Մութաֆյանը:
“Նաիրա Մամիկոնյանի մահվամբ հայ լրագրության մեջ մի շատ կարեւոր եւ անդառնալի բան կպակասի` պրոֆեսիոնալիզմը: Աստված թող լուսավորի քո միշտ լավատես եւ պայծառ հոգին, Նառ ջան”,-սա էլ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքն է:
Լրագրողի մտերիմներին ցավակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
. “Ցավով տեղեկացա “Առավոտ” օրաթերթի թղթակից, լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին։ Երիտասարդ մարդու անժամանակ կորուստն, ինչ խոսք, կրկնակի է ցավալի: Թեև Նաիրային անձամբ ճանաչելու առիթը չեմ ունեցել, սակայն նրան, որպես լրագրողի և ընկերոջ, լավագույնս բնութագրում են իր երկարամյա գործընկերների բոլոր այն ցավակցական խոսքերը, որոնք առիթ ունեցա ընթերցելու և մեկ անգամ ևս համոզվելու, որ կորուստը իսկապես ցավ է պատճառել Նաիրային ճանաչողներին:
Ցավակցում եմ Նաիրայի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրապես ցավ են ապրել նրա կորստով: Թող Աստված լուսավորի նրա հոգին”,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Մարգարյանը: