Բաց, ազատ, օրինակելի․ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակում է բաց, ազատ և օրինակելի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նա նշեց, որ դիտորդները խախտումներ չեն արձանագրել թե նախքան հանրաքվեն, թե դրա օրը։
«Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ: Ամեն ինչ անցել է օրինականության սահմանում ու խաղաղ։ Դիտորդական առաքելության անդամներն այցելել են 508 տեղամասեր բոլոր մարզերում, բացի Սյունիքից, մասնակցել են ընտրատեղամասերի բացման արարողությանը»,-ասաց նա։
Սլոբոդան, անդրադառնալով որոշ տեղամասերում արձանագրված խախտումների մասին տեղեկություններին, ասաց, որ այն տեղամասերում, որտեղ իրենց դիտորդները ներկա են եղել, խախտումներ չեն տեսել։
ԱՊՀ դիտորդական առաքելության 78 ներկայացուցիչ է հսկել հանրաքվեի ընթացքը Հայաստանում: