Այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։