Վանաձորցիները դժգոհում են անձնագրային բաժնի աշխատանքից
Henaran.am-ն այսօր էլեկտրոնային փոստով քաղաքացուց նամակ է ստացել, որտեղ վերջինս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունն են հրավիրում ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության Վանաձորի անձնագրային բաժնի աշխատանքի որակի նկատմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման. ‘’Թե ամեն օր մեր համաքաղաքացիներից քանիսն են հայտնվում նման իրավիճակների մեջ, դժվար է պատկերացնել: Մինչ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եթերից ոստիկանության աշխատակիցներին հորդորներ և խորհուրդներ է ուղղում բարեկիրթ և հանդուրժող լինեն քաղաքացիների հետ, ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության Վանաձորի անձնագրային բաժնի աշխատակիցներն իրենց վարքով հակառակն են ցույց տալիս: Մեկ գործի համար մարդիկ օրերով հերթ են կանգնում: Ընդմիջումն արդեն 15-20 րոպե էր, ինչ ավարտվել էր, բայց դեռ աշխատակիցները չէին բարեհաճել սկսել իրենց աշխատանքը: Մինչդեռ դրսում 25-30 հոգի մարդ էր հավաքվել: Ուշացած աշխատակիցը ներկայացավ ու մի բան էլ ինքը բղավեց հերթից ուժասպառ եղած ծեր կնոջ վրա: Հավաքված մարդիկ դժգոհում էին, որ 10 օր է ձգձգում են եւ նոր անձնագրիր չեն տրամադրում:
Բանակից զորացրվածներին նախկին հասցեում հաշվառվելը նույնպես ձգձգում են: Զինկոմիսարիատում Անձնագրային բաժնի տված տեղեկանքի հիման վրա արդեն քաղաքացուն գրանցել են տվյալ հասցեում, իսկ Անձնագրային բաժինը նման տվյալների չի տիրապետում: Մեր երկրում ո՞ր կառույցն է քաղաքացիներին ռեգիստրացիա անում իր հասցեում՝ զինկոմիսարիատը, թե՞ անձնագրային բաժինը: Եթե անձնագրային բաժնի տեղեկանքով զինկոմը արդեն քեզ գրանցում է տվյալ հասցեում, ինչու՞ պետք է քաղաքացին նորից վերադառնա անձնագրային բաժին՝ գրանցվելու համար: Արդեն կես ժամ էր, ինչ ընդմիջումն ավարտվել էր, բայց աշխատողների մեծամասնությունը չէր եկել աշխատանքի: Հուսալքված մարդիկ նորից վերադարձան տուն, հաջորդ օրը նույն հերթում կանգնելու տհաճ ակնկալիքներով:
Աննա Վանաձորից’’