Դպրոցները կունենան 5 անգամ ավելի արագ ինտերնետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է “Յուքոմ” ընկերության գլխավոր գրասենյակ՝ քննարկելու ՀՀ դպրոցներին տրամադրվող ինտերնետային ծառայության հզորությունների հետ կապված հարցեր: Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցութային կարգով “Յուքոմ” ընկերությունն ինտերնետ է մատակարարում ՀՀ դպրոցներին: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հավաստիացրել է, որ Երևանում մատակարարվող ինտերնետի արագությունը կավելանա 4-5 անգամ՝ մատուցվող ծառայությունը կհամակցվի օպտիկամանրաթելային ցանցով: Համապատասխան ծածկույթ արդեն ապհովված է նաև Աբովյան քաղաքում, հետագայում աշխատանքներ կտարվեն՝ այլ քաղաքները և գյուղերը ևս արագ ինտերնետով սպասարկելու ուղղությամբ:
Եսայանը հավելեց, որ ընկերությունն անելու է հնարավորը` կրթության ոլորտին աջակցելու համար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ “Յուքոմ” ընկերությունը պարտավորվել է 4 Մբթ/վայրկյան արագությամբ ինտերնետի փոխարեն նույն սակագներով մատուցել 20 Մբթ/վայրկյան արագությամբ ինտերնետ: Նախարարը, կարևորելով որակյալ ինտերնետ-կապի առկայությունը կրթական համակարգում, նշել է, ՀՀ ԿԳ նախարարության հիմնական խնդիրներից մեկը հայալեզու էլեկտրոնային կրթական միջավայրի ապահովումն է:
“Տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ են զարգանում և դպրոցները համապատասխան տեխնիկայով հագեցնելու հարցը դառնում է խիստ արդիական: Պետության համար կարևոր է, որ կարողանանք պետական միջոցների հաշվին առավել բարձր որակի ծառայություններ ստանալ: Մասնավոր հատվածը պետք հասկանա, որ կրթությունը պահանջում է ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ, որոնց բեռը պետք է կիսել պետության հետ: Կրթությունը ոչ միայն հանրային բարիք է, այլև որակյալ աշխատուժ, ինչը զարգացած տնտեսության հիմքն է”,- նշել է նախարարը և հավելել, որ կրթության համակարգում խրախուսելի է սոցիալական գործընկերությունը:

ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ նախորդ 2012 թվականին ինտերնետ կապի հնարավորություն է ստացել լրացուցիչ 450 դպրոց: 2013 թվականի հունվարի դրությամբ՝ ՀՀ գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, մնացել են ընդամենը մի քանի գյուղական դպրոց, որոնց համակցմանն ընդհանուր ցանցին խանգարում է աշխարհագրական դիրքը: Դպրոցներում բարելավվել է նաև համակարգչային հագեցվածությունը. 22 աշակերտին այսօր բաժին է ընկնում 1 համակարգիչ: