Հանրապետության տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի), Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: