‘’Մենք անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը”. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որով կառավարությունը 498 մլն կհատկացնի ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։ ”Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը”, – շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը համաձայնություն է տվել նաեւ Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան հազար քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել ”Երևան, իմ սեր” հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Նախատեսվում է կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնցից մեկում գործելու է կարիքավոր ընտանիքների լսողության խնդիր ունեցող երեխաների կենտրոն, մյուսն անվճար հատկացվելու է միայնակ մայրերի և երեխաների կարիքներին, երրորդը իբրև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օժանդակ շինություն տրամադրվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի կարիքներին։ Համանման երկրորդ բարեգործական ծրագիրն իրականացվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սա պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագիր է, որտեղ պետության մասնակցությունն էական տեսակարար կշիռ ունի։ ‘’Այսօրվա որոշումով մենք շուկայական արժեքով շուրջ 400 մլն դրամի գույք ենք հանձնում հիմնադրամին, որպեսզի ծրագիրն իրականանա։ Բացի այդ, հիշում եք, որ ծրագիրը գտնվում էր հանրապետության նախագահի անմիջական հովանու ներքո, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հայ գործարարները ֆինանսական միջոցներ հատկացրին ծրագրի իրականացման համար։ Այսինքն, սա համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է,’’ – հավելել է վարչապետը։