«… որքան էլ փոխվի, որքան էլ լավ ու նոր շարժիչ ունենա, միևնույն է, մենք նրան չենք վստահում»
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամի համոզմամբ` hասարակությունն հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխությունների մանրամասներով, մարդիկ միայն իրենց խնդիրների մասին են բարձրաձայնում, և դա բնական է: Սա իշխանության նկատմամբ հանրաքվե է, և «ոչ» ասելով՝ մարդիկ պետք է «ոչ» ասեն այս իշխանություններին»:
Անահիտ Բախշյանի խոսքով` մարդիկ ուղղակի չեն վստահում. «Սա նման է անընդհատ վթարների մեջ հայտնվող, օրենքները խախտող վարորդի պատմությանը, որի մեքենան որքան էլ փոխվի, որքան էլ լավ ու նոր շարժիչ ունենա, միևնույն է, մենք նրան չենք վստահում»:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հակադարձեց. «Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի ոչ ոքի մոտ հարց չմնա՝ ո՞վ է, ի վերջո, երկրում առկա զարգացումների պատասխանատուն՝ նախագա՞հը, Ազգային ժողո՞վը, թե՞ Կառավարությունը: Նրա խոսքով` խորհրդարանական կառավարման համակարգը, ինչն առաջարկում է փոփոխված Սահմանադրությունը, թույլ է տալիս, որպեսզի պատասխանատվությունը տեղափոխվի քաղաքական ուժերի դաշտ, և ոչ ոք չբողոքի, որ քաղաքական ուժերը չեն աշխատում և չեն կայանում.
«Միայն թեզերով հասարակությունը կառավարել հնարավոր չէ, կառավարել հնարավոր է սկզբունքներով: Մենք այս նոր նախագծով առաջարկում ենք, որ հասարակությունը կառավարվի իր իսկ ընտրած քաղաքական ուժերի կողմից, որ հետո էլ չդժգոհի, որ բոլոր որոշումներն իր փոխարեն մեկ մարդ է կայացնում»: