Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից ստուգաբանեց “ավազակապետություն” եզրույթը
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ստուգաբանեց ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված “ավազակապետություն” եզրույթը: Առիթը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ այն դիտարկումն էր, թե պետությանը չի կարելի ասել “ավազակապետություն”, քանի որ պետությունը ժողովուրդն է, այլ բան է, որ իշխանություններին վերագրվի:
“Ավազակապետություն” եզրույթի օգտագործման հարցում մեզ քննադատողները մի փոքր բաց ունեն իրենց լեզվաբանական գիտելիքների մեջ”,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Լեւոն Զուրաբյանն ու հունական ծագում ունեցող մի շարք բառերի օրինակով, ինչպես ինքն ասաց, այդ բացը լրացրեց:
Բերելով հունական ծագում ունեցող “դեմոկրատիա” եզրույթը որպես օրինակ, Զուրաբյանը բացահայտում չարեց` նշելով, որ այն ժողովրդի իշխանություն է նշանակում : Պատգամավորը շարունակեց, թե հունական “կրատիա” արմատի նման հայերեն “պետություն”-ը չպետք է շփոթել պետության ինստիտուտի հետ:
Լեզվաբանակա դիտարկումներից հետո, Լեւոն Զուրաբյանը վերջապես անցավ ՀԱԿ-ի առաջ քաշած եզրույթին ու նշեց.”Երբ մենք օգտագործում ենք ավազակապետություն բառը, նկատի ունենք ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, նրա որակը, կամ եթե կուզեք` բնութագիրը”:
Զուրաբյանն ասաց, թե ՀԱԿ-ը հարգալից վերաբերմունք ունենք պետության և նրա ինստիտուտների նկատմամբ եւ ” ավազակապետություն” բառն օգտագործելիս ոչ թե պետությանը, այլ` իշխանություններին նկատի ունի: ” Այսինքն, լիովին տեղավորվում ենք ձեր տված խորհրդի շրջանակներում”,-Գալուստ Սահակյանին դիմեց Լեւոն Զուրաբյանը եւ հավելեց, թե եթե իշխանություններն ուզում են ապացուցել, որ “ավազակապետություն” չեն, պետք է ազատ եւ արդար ընտրույուններ անցկացնեն եւ հավանություն տան ՀԱԿ-ի մշակած ԸՕ փոփոխությունների նախագծին: