Տագնապ կա
Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է` այնպիսի իրավիճակներ, ինչպիսին եղավ Նորք-Մարաշում զինված բանդան բացահայտելիս՝ հասարակության մեջ անվստահություն են ծնում: «Անգամ ծաղրանկարներ են հրապարակում: Բոլորը պնդում են, որ վատ սարքած ներկայացում էր: Ես չեմ կարծում, որ այդ աստիճանի սարքած բան լինի, քանի որ զենքը ակնհայտ էր ու առգրավել են հեռախոսներ, համակարգիչ, կոնկրետ ինֆորմացիա եղել է»:
Հոգեբանը անձնական դիտարկումների ենթատեքստում ժողովրդի անհանգստությունը այլ դաշտում է տեսնում. «Մեր հասարակության մեջ առաջացած տագնապը մասնավորապես կախված է ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ: Բոլորը անհանգստանում են՝ երրորդ համաշխարհային պատերազմ կլինի՞, թե՞ ոչ և արդյո՞ք լուրջ պատերազմի վտանգ կա»: Խուդոյանը չի բացառում, որ հնարավոր է այս ամենը օտար երկրի լավ մշակված ծրագիր լինի. «Ոչ մի բան չի կարելի բացառել: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ դա թատերական ներկայացում էր»:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը բարձր է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը` նկատելով, որ հարկավոր է պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը և սպասել նախաքննության արդյունքներին.
«Անկեղծ ասած` ես մեծ ցնցում առաջին անգամ ապրեցի հոկտեմբերի 27-ին, երկրորդ անգամ այս դեպքը բացահայտվելիս, երբ տեսա ՝ արսենալը: Եթե այդքան զենք էին հավաքել ուրեմն մի ծրագիր ունեցել են: Աշխարհը միշտ էլ Սոդոմ-Գոմորի մեջ եղել է:
Հայ կինը քարշ տալով` արևմտյան Հայաստանից մագաղաթ է փրկել: Բայց հիմա ինչի՞ են զենքը բերել, ինչի՞ են հավաքվել: Քննությունը ցույց կտա ամեն բան: Սակայն, անվտանգության համակարգի աշխատակիցներից պետք է շնորհակալություն հայտնել: Ահաբեկչությունը սարսռեցնող բան է»: