Կոկաինը հետանցքում՝ Ռուսաստանից Հայաստան. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Բ.-ի և Էդիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ «Սպո» մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել է իր աներձագ, 36-ամյա Էդիկ Մ.-ին ու ծանոթին՝ 32-ամյա Էդգար Բ.-ին:
Ըստ դերաբաշխման՝ Սանկտ Պետերբուրգում թմրամիջոցների ձեռքբերումը, դրանք Հայաստան տեղափոխելու նախապատրաստումը հանձնարարված է եղել Էդիկ Մ.-ին: Թմրամիջոցները Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու գործընթացը հանձնարարվել է Էդգար Բ.-ին, իսկ խմբի գործունեությունը ղեկավարել, անհրաժեշտ նյութական միջոցները տրամադրել և թմրամիջոցների իրացումը ստանձնել է ինքը՝ «Սպոն»:
Դատական ակտի համաձայն՝ որպեսզի փոխադրվող թմրամիջոցները չհայտնաբերվեն ՌԴ և ՀՀ մաքսային սահմաններում, խումբը որոշել է թմրամիջոցները փաթեթավորել այնպես, որ փոխադրողը՝ Էդգար Բ.-ն, կարողանա այդ փաթեթները հետանցքից տեղավորել իր ուղիղ աղիքում:
Այդպես անելով՝ 2013 թվականի հուլիսին Էդիկը Սանկտ Պետերբուրգում գնչուհի Կլավա անունով մի կնոջ հետ պայմանավորվել է թմրամիջոցների ձեռքբերման հարցով: Նա «Սպոյի» հատկացրած միջոցներով ձեռք է բերել թմրամիջոցների առաջին խմբաքանակը, համապատասխան ձևով փաթեթավորել ու տրամադրել է Սանկտ Պետերբուրգ ժամանած Էդգար Բ.-ին: Վերջինս փաթեթները տեղավորել է իր ուղիղ աղիքում և հուլիսի 17-ին ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխելով Երևան:
Երկրորդ խմբաքանակը նույնպես Էդիկը ձեռք է բերել գնչուհի Կլավայից մեկ ամիս անց՝ օգոստոսին: Փաթեթավորել է, հանձնել է Էդգարին, նա տեղավորել է համապատասխան տեղում ու տեղափոխել է Հայաստան: Թմրամիջոցը նա թողել է Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
2013 թվականի հոկտեմբերի 5-ին Էդգար Բ.-ն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար «Սպոյից» ստացել է ճանապարհածախսի գումարը, պայմանավորվել է, որ թմրամիջոցների նոր խմբաքանակ լինելուն պես այն պետք է բերի Հայաստան:
Հոկտեմբերի վերջին Երևանում գտնվող Էդիկը հեռախոսակապով գնչուհի Կլավայի հետ պայմանավորվել է, որ նա թմրամիջոցների խմբաքանակը հանձնի Սանկտ Պետերբուրգ գնացող Էդգարին:
Վերջինս նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է գնչուհի Կլավային, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 1 կգ 944 գ քաշով կոկաին և 45,300 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոցներ, դրանց համար վճարել է 109 հազար ռուսական ռուբլի:
Թմրամիջոցները համապատասխան ձևով փաթեթավորել է, տեղավորել է իր ուղիղ աղիքում և նոյեմբերի 4-ին ինքնաթիռով ժամանել է Երևան՝ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելով վերը հիշատակված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները: