Գցված փողեր Շարմ-էլ-շեյխում հանգստի դիմաց. Ժամանակ
Հոկտեմբերի 31-ին ռուսական A- 321 օդանավը, որը Շարմ Էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել էին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Եգիպտոսում A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն է:
Աղետից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական էմիրությունները, Թուրքիան հայտարարեցին դեպի Եգիպտոս չվերթները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, եւ սկսեցին իրենց քաղաքացիներին դուրս բերել այնտեղից:
Հայտնի է, որ դեպի Եգիպտոս փաթեթներն իրենց մատչելիությամբ գրավում են նաեւ հայաստանցիներին, եւ նրանցից շատերը նախընտրում են հանգստանալ այնտեղ: Օդային ահաբեկչությունից օրեր անց` միայն նախօրեին ՀՀ արտգործնախարարությունը վերջապես ուշացած հայտարարություն տարածեց, որով խորհուրդ տվեց քաղաքացիներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մեկնել Եգիպտոս: Սակայն Հայաստանում գործող տուրիստական ընկերությունների համար արտգործնախարարության հայտարարությունն արգելք չէ:
Տուրօպերատորները շարունակում են քաղաքացիների համար տեղեր ամրագրել դեպի Եգիպտոս` պատճառաբանելով, որ այնտեղ ֆորսմաժորային իրավիճակ չկա, եւ արտգործանախարարության հայտարարությունն արգելք չէ: էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ ասաց, որ իրենք իրավասություն չունեն տուրիստական ընկերություններին պարտադրել չվաճառել փաթեթներ:
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ տուրիստական ընկերությունները հետ չեն վերցնում նախապես ամրագրված փաթեթները, եւ չեն վերադարձնում իրենց գումարները: Այս առնչությամբ նախարարության զբոսաշրջության վարչության պետը նշեց, որ փաթեթը ձեռք բերելուց առաջ պետք է անպայման պայմանագիր կնքել, ծանոթանալ հետվերադարձի պայմաններին, եւ նման խնդիրներ չեն առաջանա: Իսկ ամեն դեպքում, եթե վիճահարույց խնդիրներ լինեն, դա կարող է լուծվել դատական կարգով:
Մինչդեռ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է` թե’ տնտեսվարողին, թե’ սպառողին կարող է փրկել բացառապես կառավարությունը, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարությունը: Պիպոյանը հավելեց, որ իրենք առաջիկա օրերին պատրաստվում են բաց նամակով դիմել էկոնոմիկայի նախարարությանը՝ հորդորել քայլեր ձեռնարկել, նախագիծ ներկայացնել կառավարությանը: Պատասխան չստանալու դեպքում բաց նամակ կուղարկվի Նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: