«Խաթրաշահ տղա է». սպանության համար կալանավորվածը ավագանու անդամ է
«Հայրապետ Սեփոյանը մեր համայնքի ավագանու անդամ է: Երեկվանից շոկի մեջ եմ: Նա չէր կարող մարդ սպանել: Ինքն ու իր հայրը ընտիր մարդիկ են, գյուղի համար միշտ պիտանի , հասնող…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանը:
Մեր հարցին, թե արդյոք Հայրապետը աչքի է ընկել ագրեսիվ վարքագծով, կամ իրեն անհարկի արարք է թույլ տվել գյուղապետը արձագանքեց. «Հայրապետը հավասարակշիռ, համեստ տղա է, մեր բառապաշարով ասած՝ խաթրաշահ ու շատ լավ տղա է»,-ընդգծեց գյուղապետը:
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել էին մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ էր մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին:
Սպանվածներից երկուսը՝ Վարդան և Վահե Գալստյանները եղբայրներ են , նրանց հայրը նախկին գործարար Ֆրունզե Գալստյանն է:
Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1988 թվականին ծնված Հայրապետ Գագիկի Սեփոյանը:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի