Խոշոր վթար Կոտայքում.կա 5 զոհ
Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած BMW մակնիշի 26 ՕՍ 783 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ավետիք Փանոսյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 06 ԼՏ 536 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքն. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները եւ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Քաղաքացիներն ու փրկարարները ոստիկանների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել 6 հոգու, որից 4-ը՝ մահացած վիճակում, իսկ 2-ը տեղափոխվեցին Հրազդանի հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Հրազդանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանը եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը քիչ առաջ մահացել է:
Ոստիկանությունը պարզել է մահացած անձանց ինքնությունը: Նրանք են՝ ԳԱԶ-2410-ի ուղեւորներ, Դդմաշեն գյուղի բնակիչներ, 55-ամյա Հրաչիկ Փանոսյանը եւ 55-ամյա Գեղանուշ Առաքելյանը, իսկ ԳԱԶ-2410-ի վարորդ Ա. Փանոսյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մահացել են նաեւ Մեղրաձոր գյուղի բնակիչներ, BMW-ի վարորդ, 50-ամյա Հ. Խաչատրյանը, 27-ամյա Հայկ Խաչատրյանը, 48-ամյա Անահիտ Բրսոյանը:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երկու ավտոմեքենաներում էլ եղել են ընտանիքներ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որը առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով: