22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եկեղեցին տեղյա՞կ է. սա կքանդի մեր ընտանիքները

  1. Ինչու քրիստոնյաները չեն կարող կողմ քվեարկել այս նոր Սահմանադրությանը, եթե փոփոխություն չկատարվի

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չգիտեմ արդյոք Հայ Առաքելական Եկեղեցին դեռ կարծիք ու հորդոր արտահայտե՞լ է այս մասին, թե ոչ, բայց քվեարկության դրվելիք սահմանադրության 37-րդ հոդվածը կքանդի մեր ընտանիքները և մեզանից կհեռացնի մեր երեխաներին, եթե սահմանադրությունն ընդունվի այս տարբերակով: Որովհետև այն, ինչ գրված է այնտեղ, ուղիղ կերպով հակասում է նրան, ինչ մեզ սովորեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Արդյոք դեռ հնարավո՞ր է այս կետերում փոփոխություններ մտցնել դեկտեմբերի 6-ից առաջ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ խոսում էր վերջին ժամանակների մասին, ասաց որ «որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց»։ (Ավետարան ըստ Մարկոսի 13:12) Սահմանադրական նախագծի 37-րդ հոդվածի առաջին, 2րդ և 3-րդ կետերը եթե խմբագրենք, այսպիսի բան է դուրս գալիս.

«Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը», որը «հաշվի է առնվում»: «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:» Իսկ 3-րդ կետն արդեն ասում է, որ եթե ծնողների հետ կանոնավոր հարաբերությունն ու շփումը «հակասում է երեխայի շահերին», ապա դատարանի որոշմամբ այդ իրավունքը կարող է բացառվել: Իսկ ո՞րն է երեխայի շահը և ո՞վ է որոշելու դա:

Այսպիսի օրենքները գեղեցիկ անուններ ունեն, որ օրինակ` կոչվում են արդարադատություն անչափահասների համար (Ювенальная юстиция), բայց նրանք բնավ հետաքրքրված չեն երեխաներին փրկելու գործով (վերջ ի վերջո, որտե՞ղ է ավելի լավ երեխայի համար, որտե՞ղ նա կարող է ավելի լավ դաստիարակություն ստանալ, ընտանիքու՞մ, թե՞ ընտանիքից դուրս), այլ ուղված են նրան, որի մասին մեր Տերն ասաց 2000 տարի առաջ.  «եւ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։» (Մարկոս13:12)

Ուրեմն ձեր երեխան պիտի մատնի իր ծնողի՞ն: Ուրեմն երեխան պիտի ասի բժիշկներին, ուսուցիչներին կամ ոստիկանությանը, թե հայրս ինձ ապտակե՞ց, մայրս ինձ պարտադրում է սենյակս մաքուր պահե՞լ, հայրս ինձ ամեն օր փող չի տալիս, մինչդեռ իմ ընկերների ծնողները տալիս են: Այո՞ Եվ ի՞նչ կկատարվի: Համապատասխան ներկայացուցիչները կգան, ու նախ երեխային կլսեն, ապա ծնողներին կասեն, «կամ դուք մարդավարի կվարվեք ձեր երեխայի հետ, կամ մենք նրանց կվերցնենք»:

Մեկ, երկու ու երեխային կվերցնեն ձեզանից: Նայեք ու տեսեք այն երկրներում, որտեղ ընդունված են այսպիսի օրենքներ, ինչ է կատարվում:

Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք ու ապրում ենք ԱՄՆ-ում: Անցյալ շաբաթ, 11 տարեկան տղայիս մատը դպրոցում խաղի ժամանակ կոտրվել էր: Տարանք բժշկի: Բժշկուհին հարցրեց երեխային, թե ինչպես պատահեց: Կինս օգնում էր, որ պատասխանի, ու այդ պահին բժշկուհին խիստ հակադարձեց կնոջս` «տիկին, ես ձեզ չեմ հարցնում, այլ երեխային»: Այս սենց բաներ:

Երեխան զգում է իշխանություն ծնողի դեմ: Երեխան, ազդված հեռուստատեսությամբ, մամուլում ու փողոցում տարածվող չար արժեքներով, և չունենալով ձևավորված բանականություն, զգում է իր իշխանությունը ծնողի դեմ, ով նրան ասում է` սա չի կարելի, նա չի կարելի: Ու որքան է մարդը սիրում գործածել իրեն տրված իշխանությունը: Կկատարվի այն, ինչ կատարվում է արևմուտքում: Երեխան շրջապատից ու հեռուստաեթերից կլցվի աղբով ու այդ այդ աղբը ազատորեն կարտահայտի ընտանիքում:

Եթե ծնողը չհանդուրժի, ապա դատարանը կորոշի, որ ծնողը չի թողնում երեխան ազատ արտահայտվի ու կզրկի ծնողին ծնողական իրավունքներից: Սա միայն Քրիստոնեական ընտանիքներին չի վերաբերվում, այլ բոլորիս: Երեխան իշխանություն զգալով` սկսում է հրամայել իր ծնողներին: Ծնողները չեն կարող ոչինչ անել, քանի որ, եթե անեն, ըստ սահմանադրության, նրանց կտուգանեն, կպատժեն ու երեխային կվերցնեն:

Հիսուսը զգուշացրեց այս մասին 2000 տարի առաջ: Այն ժամանակ մարդիկ չհասկացան, թե ինչպես կարող են երեխաները ծնողների դեմ ելնել: Նորից եմ ասում, մի գուցե Հայ Առաքելական Եկեղեցին տեսակետ ունի, որը ես չգիտեմ: Ու ես ինձ երբեք եկեղեցուց ավելի բարձր չեմ կարող համարել: Բայց քանի որ այդ տեսակետը չգիտեմ, ապա դրա համար գրում եմ այս մասին, որպեսզի ընթերցողն իմանա: Մի գուցե պատկան մարմիններն էլ չգիտեն այս մասին:

Մենք, Ուղղափառ Քրիստոնյա ժողովուրդ, ինչպե՞ս կարող ենք այո քվեարկել այս օրենքներին: Օրինակ, Ռուսական Սահմանադրության մեջ, այս հատվածը (38րդ հոդվածն է այնտեղ) ամբողջովին Քրիստոնեական տոնով է գրված, որը մեջբերում եմ.

1. Մայրությունը, երեխայությունը և ընտանիքը պետք է պաշտպանվեն պետության կողմից: 2. Երեխաների խնամքը և դաստիարակությունը ծնողների հավասար իրավունքն ու պարտականությունն է: 3. 18 տարեկանից բարձր ի վիճակի երեխաները պետք է հոգ տանեն իրենց հիվանդ ծնողների համար:

Գիտեմ, որ այս նախագծի քվեարկության օրն արդեն որոշված է: Բայց միգուցե մի հնար կա, բացառիկ կարգով մի քանի փոփոխություններ անելու, որպեսզի այո քվեարկելով քրիստոնյա մարդիկ չհակասեն Հիսուսի զգուշացմանը: Այլապես, ինչպես կարող են քրիստոնյաները կողմ քվեարկել մի բանի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոսը հստակ զգուշացրեց 2000 տարի առաջ:

Սիրելի պատկան մարմիններ, ի պաշտպանություն մեր ընտանիքների, արդյոք հնարավո՞ր է փոփոխություններ մտցնել նախագծի մեջ: Եթե ոչ, ապա քրիստոնյաներն ու պահպանողականներն ինչպե՞ս քվեարկեն:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ