Վարորդները կարող են զանգահարել «թեժ գիծ» /վիդեո/
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով:
Ընկերություններում կուտակված է մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ մետր ավազ: Հանրապետության որոշ վայրերում, ուր արդեն ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները գործի են անցել։
Հայաստանի ամենացուրտ գոտում՝ Վարդենիսում օրինակ, ճանապարհը սպասարկող «Կապավոր» ընկերությունն արդեն սկսել է ձյան մաքրման աշխատանքները։ Ճանապարհները մշակվում են նաև աղ ու ավազով։ «Կապավոր» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանն ասաց, որ ձմռանն ընկերությունը սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 90 կմ երկարությամբ ճանապարհներ:
Գեղարքունիքում, ուր ձմռանը ջերմաչափի սնդիկն իջնում է մինչև -25 աստիճան և որտեղ տարվա կեսը ձյուն է տեղում, ճանապարհների պահպանությունն ու սպասարկումն իրականցվում է մարզի 5 ճանապարհաշինական ընկերությունների կողմից, որոնք սպասարկում են 385.9 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության 4 և հանրապետական նշանակության 8 ավտոճանապարհներ:
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Տիգրան Մարիտիրոսյանը, ով Գեղարքունիքի մարզի պատասխանատուն է, տեղեկացրեց, որ ինչպես Վարդենիսում, այնպես էլ մարզի մյուս տեղամասերում առկա են համապատասխան քանակությամբ մեքենամեխանիզմներ, բանվորական ուժ և կուտակված աղ ու ավազ՝ 2015-16 թվականների ձմեռը պատշաճ դիմավորելու համար:
Կոտայքի մարզում ևս ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները կազմ ու պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Նրանց կողմից սպասարկվում են միջպետական նշանակության 2 և հանրապետական նշանակության 18 ճանապարհահատվածներ, որոնց ընդհանուր երկարությունը 332.8կմ է:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿի գլխավոր մասնագետ Կարապետ Հյուսիսյանը տեղեկացրեց, որ ձմեռային սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկան սարքին է աղը, ավազը՝ պահեստավորված:
«4 գրեյդեր, 2 զիլ, 2 բուլդոզեր մեքենաներ պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին: Օրը 3-4 անգամ աղ-ավազ է փռվում ճանապարհներին: 24 ժամյա հերթապահություն է իրականացվում»,- նշեց «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։
Շուրջօրյա ժամանակացույցով հերթապահում են ոչ միայն Հրազդանի, այլև հանրապետության մյուս 34 ճանապարհաշինական ընկերությունները:
Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ ստանում և փոխանցում են տեղեկություններ ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին:
Ճանապարհներն սպասարկող ընկերության ներկայացուցիչները խնդրեցին վարորդներին փոխանցել, որ ամառային սեզոնի մեքենայի անիվները փոխարինեն ձմռան համար նախատեսվածներով, չդիմեն արկածախնդրության և լինեն առավել զգույշ՝ հատկապես գիշերային ժամերին երթևեկելիս: