Ով որքան կարողացավ. տեղավորվեցին հանձնաժողովներում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում:
Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից: