Կառավարությունը կպայքարի էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեմ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին կառավարության հերթական նիստում հաստատվեց «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշումը:
Ըստ որոշման հիմնավորման՝ այսօրվա դրությամբ Հայաստանում ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները:
Վերջին շրջանում նկատվում են էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքեր, ինչը հայտնաբերվում է շահագործող կազմակերպության կողմից: Սակայն ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակը որոշել հնարավոր չի լինում համապատասխան նորմատիվ ակտի բացակայության պատճառով: Ուստի անհրաժեշտ է մշակել նորմատիվ իրավական ակտ, ինչը հիմք կհանդիսանա ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի հաշվարկման ժամանակ:
Որոշումը կնպաստի ՀՀ օրենսդրության շրջանակներում էլեկտրամատակարարման համակարգից ապօրինի կերպով էլեկտրական էներգիայի սպառման կանխարգելմանն ու համապատասխան վնասների վերականգնմանը, կկանխարգելի էլեկտրամատակարարման համակարգից ապօրինի կերպով էլեկտրական էներգիայի սպառումը: