Ինձ մեղավոր չեմ համարում. վերաքննիչ դատարանը չհավատաց
Նոյեմբերի 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց լրագրող Արմենակ Դավթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոս ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով `18 մլն ՀՀ դրամ գումար:
Henaran.am-ի նախկին լրագրող Արմենակ Դավթյանը խմբագրությանն ուղղված իր նամակում նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Դատի ժամանակ հայտարարություն կանեմ, ես չեմ ուզում անմեղ դատապարտյալ դառնամ: Կգնամ մինչև վերջ»,- նշել է Դավթյանը:
Այսօր դատավարությունից առաջ Դավթյանի մայրը նշեց, որ հավատում է որդու անմեղությանը: Տիկին Ռոմելան տեղեկացրեց` Արմենակը գումարը վերցնելուց միայն միջնորդի դեր է կատարել: Արմենակ Դավթյանն իր խոսքում նշեց, որ պատրաստ է գումարն ամբողջությամբ վերադարձնել և զղջում է իր արարքի համար: Դավթյանն «իրեն հանցագործ չի համարում և իր արարքի մեջ խարդախության տարրեր չկան»: Սպասված հայտարարությունը այդպես էլ չհնչեց: Դավթյանը հավատում է արդարությանը:
Ավելի ուշ, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց վերաքննիչ դատարանի որոշումը: Արմենակ Դավթյանի բողոքի քննությունը մերժվեց և ուժի մեջ մնաց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով Արմենակ Դավթյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով: Արմենակ Դավթյանի շահերի պաշտպան՝ Համլետ Դավթյանը, տեղեկացրեց, որ վճիռը կբողոքարկեն վճռաբեկ դատարանում: