Տնտեսության հենասյունը կառավարության ոլորտում ՀՊՏՀ-ն պետք է լինի. Հ. Աբրահամյան
Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում: «Համոզված եմ, որ շնորհիվ նաև այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները և արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները և նրանք, ովքեր կծանոթանան գիտաժողովի նյութերին, կձևավորեն սեփական պատկերացումները տնտեսագիտության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ», – եզրափակել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք, իսկ գիտաժողովին՝ գիտական այնպիսի արդյունք, որը կդառնա նոր օրերի տնտեսական կյանքի բարենորոգման գրավականը:
Նոյեմբերի 11-13-ն անցկացվող «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնական նպատակն է՝ ձևավորել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ՝ ակադեմիական հանրության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական ոլորտի մասնագետների համար: Գիտաժողովի շրջանակում կանցկացվի կլոր սեղան «Գիտելիքահեն տնտեսության և գիտելիքի հասարակություն» թեմայով: