Զգալի առաջընթաց ենք արձանագրել ՏՏ զարգացման բնագավառում. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը: Վարչապետն ընդգծել է, որ քաջատեղյակ է համալսարանում իրականացվող հետազոտություններից և գոհունակություն հայտնել, որ ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակում սահմանված գերակայությունները ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների ուշադրության կենտրոնում են: «Ուրախալի է, որ դեռևս 2011թ. ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011-2017 թթ. գիտահետազոտական և ինովացիոն զարգացման հայեցակարգում սահմանված նպատակներն աստիճանաբար կյանքի են կոչվում: Շարունակվում են գիտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աշխատանքները, ինչի վկայությունն են նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և մոտ ժամանակներս ստեղծվելիք գիտաուսումնական լաբորատորիաները», – ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ: «Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը գրանցվում է 25 տոկոս աճ: Այս ամենի արդյունքում ներկայում ունենք համապատասխան ներուժ և բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տարածաշրջանում կարևոր դերակատար դառնալու համար:
Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար։ Մասնավորապես, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև առկա նորարարական և բիզնես կարողությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աջակցելու ինովացիոն բոլոր այն ընկերություններին, որոնք ստեղծում են նոր ապրանքներ, ծառայություններ և շուկաներ», – շեշտել է կառավարության ղեկավարը: