05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը՝ ապագայի ծրագրերից

Կառավարման խորհրդարանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարացման գործընթացները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին տոնական օրվա առթիվ, ինչպես նաեւ միջոցառմանը ներկա ուսանողներին՝ գալիք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ երիտասարդությունը եւ մանավանդ ուսանող երիտասարդությունը մեր երկրի վաղվա դեմքն են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանց մեջ են մեր վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական գործիչները եւ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր վաղը պետք է մեր ողջ երկրի ու ժողովրդի անունից կայացնեն պատասխանատու որոշումներ:

«Դուք այն սերունդն եք, որ ծնվել է անկախ Հայաստանում, որ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել եւ ունի ստանալու թե՛ գիտական, թե՛ ցանկացած այլ տեղեկատվություն աշխարհի մասին:

Դուք անձամբ ձեզ համար, ձեր ընտանիքների եւ երկրի համար կարող եք անել ավելին, քան արել են ձեր նախնիները: Ես դրանում համոզված եմ: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների բացառիկ առաջընթացը, որ կարելի է թռիչք անվանել, կրկին գալիս է հաստատելու եւ ընդգծելու, որ մարդկային կապիտալն ավելի թանկ է, քան բնական ռեսուրսները:

Դուք մեր ժողովրդի համար եւ ինքներդ ձեզ համար պիտի դառնաք այդ մարդկային կապիտալը, որը դատապարտված է մրցելու բնական ռեսուրսներ վաճառողների հետ. ավելին՝ դատապարտված է նրանց հաղթելու: Մեկ սերնդի աչքի առաջ վերափոխվեց աշխարհը: Ձեր սերնդի կյանքի ընթացքում այդ փոփոխությունները լինելու են ավելի արմատական ու տեսանելի: Ձեր երեխաները ընտրելու են մասնագիտություններ, որոնց մասին դուք գաղափար չունեք, որովհետեւ այդ մասնագիտություններն այսօր դեռ գոյություն չունեն:

Ես խոսում եմ վաղվա աշխարհի եւ վաղվա Հայաստանի մասին: Ես խոսում եմ այն հասարակության մասին, որը վաղը պետք է ներկայանա ձեզնով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ հասարակությունը կարող է լինել մրցունակ եւ ունենալ իր տեղն աշխարհում միայն մի դեպքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ միակ դեպքը ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակությունն է, լավ կազմակերպված եւ արդյունավետ պետական համակարգ ունենալն է: Դրան հասնելու ճանապարհը, վարչապետի խոսքով, սահմանադրական բարեփոխումներն են:

«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարման խորհրդարանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարացման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները:

Պետք է հավատալ ժողովրդին եւ հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաեւ անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքորեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել եւս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի:

Համոզված եմ, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր եւ ազդեցիկ կուսակցությունների ձեւավորումը մեզանում: Ովքեր պատրաստ չեն, ստիպված են լինելու պատրաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հասունանալ: Սա է առաջընթացի միակ ուղին»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ որեւէ հասարակության կենսունակ լինելու կարեւոր չափանիշ է այն, թե երիտասարդներն ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրանալու համար: Որեւէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար եւ հնարավորություն: «Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության եւ հակակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երիտասարդներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ:

Մեկ անձի շուրջը ձեւավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարխում որեւէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժողովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսեւորվել հենց խորհրդարանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավաքական ուժն է: Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխանատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ:

Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնվածքով, նկարագրով եւ տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջնորդներ են: Խոսքը հայ ժողովրդի հավաքական ուժին օրինական իշխանությամբ օժտելու եւ նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը եւ իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է վարչապետ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, ավելի քան երբեւէ, մեզ պետք է համերաշխություն եւ հանդուրժողականություն:

«Համոզված եմ, որ մենք բոլորս միասին մեր երկիրը տանելու ենք առաջ: Դա է մեր ապագան»,- եզրափակել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ