Վարչապետը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:
Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, և այս առիթով շնորհավորում եմ ձեզ և մեր մյուս բոլոր գործընկերներին», – նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել նաև 2015 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված և վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: