Էպոսագետ թեկնածուին ընտրելու կոչ է անելու Սասունցի Դավիթը

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը լրագրողների հետն այս տարվա թերեւս վերջին հանդիպամանը ներկայացավ մոտ կես ժամ ուշացումով: Նկատելով լրագրողների դժգոհությունները՝ հայտարարեց, որ ով չէր ուզւոմ կարող էր հեռանալ:
Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին` բարձր գնահատելով նրանց անցած ուղին եւ կենսագրությունը.
“Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ խելացի որոշում կայացրեց եւ չառաջադրվեց` արհեստական խոչընդոտ չստեղծելով իմ քարոզարշավի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւոր դերակատարում է ունեցել ունի ղարաբաղյան շարժման տարիներին: Նրա կառավարման ժամանակ մենք շահած դուրս եկանք պատերազմական վիճակից: Շահած, բայց ոչ հաղթանակած: Շնորհակալ եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանին, ով եւս որոշեց չմասնակցել ընտրություններին եւ չխանգարել ինձ: Գագիկ Ծառուկյանին երախտագիտություն հայտնելու կարիք չկա, քանի որ նա արեց այն, ինչ իր շեֆերը ասեցին: Մեկ անգամ ասել եմ, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է: Ինձ համար հեղինակություն են ներկայացնում միայն 3 նախագահները”,- ասաց թեկնածուն:
Սեդրակյանը բացառում է ընտրակաշառքի տարբերակը եւ նրա հույսը նախընտրական քարոզարշավն է: Ինչպես էպոսագետը կարող է ընտրակաշառք բաժանել, եթե “Սասնա ծռեր” էպոսում ընտրակաշառքը չի ընդունվում: “Մեր էպոսի մեջ կա հատված, երբ մանուկ Դավթի առաջ դնում են ոսկին եւ կրակը, որպեսզի որոշեն նա ուղեղով է ապրում, թե հոգով: Մսրա Մելիքը ասում է, եթե փող վերցնի` սպանելու եմ: Այսինքն` ազգը, փողը վերցնելով, սպանված-վերջացած է` փողը վերցնում է եւ հինգ տարի մտածում է, թե ինչ է անելու: Ազգի առջեւ դրվելու է ընտրություն` փող, թե կրակ”,-ասաց նա:
Ի դեպ նախըտրական հոլովակում էլ երգ է, պար ասմունք եւ իհարկե Սասունցի Դավիթը: Վերջինս կոչ է անում՝ ով քնած է արթուն կացեք, որ արթուն է հելեք, կացեք:
Հետաքրքիր է, Սասունցի Դավիթը ինչու չարթնացրեց թեկնածուին, որպեսզի չուշանա հանդիպումից: