23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը․ Է․ Նալբանդյան

Նախարար Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում կայացած մամուլի ասուլիսին

 

Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին:

Ցանկանում եմ նաև օգտվել առիթից և ցավակցություն հայտնել Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել Սերգեյ Լավրովին այն մեծ աջակցության համար, որը ցուցաբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ զոհվածների աճյունների տեղափոխման գործում: Ուգանդայում և Հարավային Սուդանում Ռուսաստանի հյուպատոսը մեր խնդրանքով այնտեղ էր ուղարկվել, նաև մեր հյուպատոսական աշխատակիցը Կահիրեից ժամանել է Հարավային Սուդան, և մոտ ժամանակներս դիակների տեղափոխման հարցը կլուծվի:

Կցանկանայի ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա բնական է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ. մենք հանդիպում ենք ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Երևանում՝ տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում:

Սա ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մեր պետությունների ղեկավարներն էլ են շատ ինտենսիվ հանդիպում: Նրանք հանդիպում են ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նման հանդիպումներ եղել են ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովների շրջանակներում: Մեր Նախագահը սեպտեմբերին այցելեց Մոսկվա, ինչպես նաև մայիսին՝ Մեծ Հաղթանակի 70-ամյակի, Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գագաթաժողովների կապակցությամբ: Մենք շատ բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում էր Հայաստանում:

Ինտենսիվ հանդիպում են նաև մեր վարչապետերը, խորհրդարանների նախագահները: Վերջերս այստեղ տեղի ունեցավ չորրորդ միջտարածաշրջանային ֆորումը: Դրա հետ զուգահեռ տեղի ունեցավ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեզ մոտ հաջողությամբ գործում են միջկառավարական հանձնաժողովը և ռազմա-տնտեսական համագործակցության հանձնաժողովը, միջխորհրդանական հանձնաժողովը:

Դինամիկ զարգանում են հումանիտար կապերը: Բոլորովին վերջերս Երևանում բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Մեզ մոտ, ինչպես գիտեք, վերջերս տեղի ունեցավ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը: Մենք Սերգեյ Լավրովի հետ այդ հեղինակավոր, մեզ երկուսիս համար հարազատ ԲՈՒՀ-ի շրջանավարտներ ենք:

Մենք այսօր, իհարկե, անդրադարձանք բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային հարցերի: Բնականաբար, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այն ջանքերը, որոնք գործադրում են Ռուսաստանը և մյուս համանախագահները: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, և ես կարծում եմ, որ մենք կշարունակենք աշխատել այդ ոգով:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

«Արմենիա» հեռուստաընկերություն. Հարցս ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Պարոն նախարար, ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն հաստատել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այս առիթով ես բազմիցս արտահայտվել եմ: Եվս մեկ անգամ ասեմ, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:

Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը:

Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ինչպես պնդում է ինքը՝ զեկուցողը, ապա այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր:

Շատ տարօրինակ էր, որ որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության:

Ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին:

Ահա մի քանի բառով այն, ինչ ես կցանկանայի ասել այդ կապակցությամբ:

Սերգեյ Լավրով (ի հավելումն էդվարդ Նալբանդյանի պատասխանի). Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:

Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ