Հրայր Թովմասյանը համաձայն է, որ իր ոլորտում ստվեր կա
՛՛ Նոտարիատի ոլորտի բարեփոխումների հաստատման, մասնավորապես անշարժ գույքի գործարքների բացառապես նոտարական կարգի սահմանման, և նոտարական սակագների՝ գործարքի գնից տոկոսի սահմանմամբ (մոտ 0.5-2 տոկոս՝ կախված գույքի գնից) հնարավոր կլինի զգալիորեն ավելացնել նոտարների կողմից պետական բյուջե վճարվող եկամտահարկի գումարը, ինչպես նաև ապահովել զգալի տնտեսական աճ (նախնական հաշվարկներով 15-20 տոկոսի շրջանակներում)՛՛,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով սեփական ոլորտում տիրող իրավիճակը, ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել որ մեկ պատուհանի սկզբունքը նոտարի մոտ կիրառելու դեպքում քաղաքացիների կողմից վճարվող գների իրական փոփոխություն չի լինի, քանի որ փաստաթղթերի հավաքման և պայմանագրի պատրաստման համար որպես կանոն քաղաքացիները վճարում են անշարժ գույքի գործակալներին կամ այլ միջնորդներին, և հաճախ այդ գումարները մնում են ստվերում:
՛՛Միևնույն ժամանակ հարկային վարչարարության գործընթացի արդյունավետությունն ավելացնելու համար, առաջարկվում է ամբողջությամբ վերանայել Նոտարների հարկման ռեժիմը՛՛,-նկատեց նախարարը:
Ինչ վերաբերում է փաստաբանական ոլորտին, ապա Թովմասյանի համոզմամբ՝ այստեղ դեռևս զգալի է հարկային ստվերը: ՛՛Անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ՝ մոտավորապես գնահատելու հատվածի ստվերայնությունը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ոլորտի զգայունությունը և հնարավոր քաղաքական և իրավական շահարկումները, եթե ոլորտը միանգամից ենթարկվի զգալի հարկային ճնշման: Այս համատեքստում առաջարկվում է որոշակիորեն վերանայել փաստաբանների հարկային ռեժիմը՛՛,-առաջարկեց նախարարը:
Մանրամասներն՝ այստեղ: