«Վոլոդյա, մենք քեզ հետ ենք, դադարեցրու». ազատամարտիկները հանդիպում են պահանջում /ֆոտո/վիդեո/
Այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքվել են մի խումբ ազատամարտիկներ և պահանջում են ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Մեկ այլ հորդոր էլ ունեն` ուղղված Ավետիսյանին, ազատամարտիկներ Գեղամ Ասատրյանին, Հովսեփ Պետրոսյանին, Փայլակ Խաչատրյանին` դադարեցնել հացադուլը:
Նշենք, Վոլոդյա Ավետիսյանն արդեն 11 օր է հացադուլի մեջ է: Ազատամարտիկները համոզված են` հացադուլի 11-րդ օրվանից օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում.
«Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը բարձրախոսով դիմեց դատապարտված գնդապետին. «Վոլոդյա, մենք քեզ հետ ենք, դադարեցրու հացադուլը, որովհետև քո տեղը շուտով իսկական «արժանավորները» կզբաղեցնեն»: Սարուխանյանը հանդիպում է պահանջում հացադուլի մեջ գտնվող գնդապետի հետ: Քրեակատարողական հիմնարկի աշխատողներից որևէ մեկը դեռ չի մոտեցել հավաքվածներին:
Նշենք, հացադուլը դադարեցնելու հորդորով Վոլոդյա Ավետիսյանին դիմել է նաև Ժիրայր Սեֆիլյանը:
Ավելի ուշ՝ ՔԿՀ աշխատակիցներից մեկը մոտեցավ հայտարարությունը վերցնելու համար, հանդիպմանը պահանջը մերժվեց:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: