24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային

Հ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Ողջունելով կարդինալ Դոմինիկ Դուկային Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Լավատեղյակ եմ Ձեր ծավալած գործունեությանը, որով նպաստում եք քրիստոնեական հավատքի, հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատմանը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս համատեքստում կարևորում ենք եկեղեցիների փոխգործակցությունը»:

ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել կարդինալին՝ հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Պրահայի կենտրոնում տեղադրվեց հայկական առաջին խաչքարը, որի օրհնության կարգին մասնակցել է նաև կարդինալը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. նրա ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

ՀՀ ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ և նշել, որ այս տարածաշրջանի երկրները, որտեղ դարեր շարունակ քրիստոնյաներ են ապրել, այսօր գտնվում են ճգնաժամի մեջ:

Գալուստ Սահակյանը Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, Նախիջևանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերումը համարել է Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունը և որակել որպես մշակութային ցեղասպանություն:

Անդրադառնալով կարդինալ Դոմինիկ Դուկայի մասնակցությանը ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած պաշտոնյաների ներկայությունը համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունն է:

Ամփոփելով իր խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ մեր տարածաշրջանը կապրի խաղաղության մեջ, համամարդկային արժեքները որոշիչ կլինեն միջպետական հարաբերություններում, և մեր ժողովուրդները պատերազմելու փոխարեն տներ, այգիներ և եկեղեցին կկառուցեն:

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ Դուկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ ժողովրդի և հայոց եկեղեցու հետ փոխհարաբերությունները պիտի վերադարձնել առաքելական ժամանակաշրջան և համագործակցել որպես քրիստոնյա ժողովուրդներ: Կարդինալը կարևորել է իր այցելությունը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի խորհրդարան: Անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը՝ կարդինալ Դուկան նշել է, որ Դոմինիկյան վանքերում նույնպես շատ կան հայ արվեստագետների հրաշալի ստեղծագործություններ, որոնք պետք է ցուցադրվեն աշխարհին:

Խոսելով բազմազգ և մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Պրահայի մասին՝ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փաստել է, որ հենց Պրահայի բնակիչ Ֆրանց Վերֆելն է առաջիններից մեկը բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ