Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ:
ՀՀ կառավարության աշխատակազմի “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտի առաջարկությունների փաթեթը, որոնք վերաբերում են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով եւ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ներպետական բեռնափոխադրումների ենթաոլորտներին:
Պարոն Եղիազարյանը զեկուցել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների լիցենզավորման եւ գործունեություն ծավալելու, կանոնավոր ուղեւորափոխադրումներ կազմակերպելու ընթացակարգերի, ներպետական բեռնափոխադրումների համար պետության կողմից սահմանված կարգավորումների ու նախատեսվող թույլտվությունների ընթացակարգերի ուսումնասիրությունների արդյունքների եւ առաջարկությունների վերաբերյալ:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն եւ կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ: